Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օլիգարխիայի արժեքային ստանդարտները

Ապրիլ 13,2021 10:00

Միանգամից ասեմ, որ, ընդհանուր առմամբ, հարգում եմ հարուստ մարդկանց, չեմ կարծում, որ աղքատությունը պատվաբեր է, իսկ հարուստ լինելն ամոթ է, չեմ պնդում նույնիսկ, որ Ռուսաստանում կամ Հայաստանում բոլոր օլիգարխները հարստացել են խաբելով, «քցելով» կամ հարկեր չվճարելով: Եթե նույնիսկ նման բան կա, ապա դա պիտի լինի իրավապահ մարմինների խնդիրը:

Ես մտահոգված եմ հետխորհրդային շրջանում հարստացածների կրթական ցածր մակարդակով, ամբարտավան կեցվածքով, վատ ճաշակով եւ ցուցամոլությամբ: Մտահոգված եմ, որովհետեւ ուզենք, թե չուզենք՝ նրանք որոշակի արժեքային ստանդարտներ են թելադրում հասարակությանը:

Չեմ կարող չմտահոգվել իշխանության երկրպագուների երկակի ստանդարտներով: Երբ ԲՀԿ-ն իշխանության կոալիցիոն գործընկերն էր, իսկ Ծառուկյանը ոչ թե օլիգարխ էր, այլ «խոշոր սեփականատեր», վերջինիս ճաշակը եւ «նուվորիշի» հակումներն այդ մարդկանց չէին հուզում: Բայց երբ նույն գործարարը սկսեց դրսեւորվել որպես որոշ չափով ընդդիմություն, նրա մակարդակի մասին սկսեցին ցասումնալից «ստատուսներ» գրել:

Բացառված չէ, ի դեպ, որ «Իմ քայլը» վարվի «դասական» իշխանության կուսակցության ոճով եւ իր նախընտրական ցուցակում ընդգրկի «իր» օլիգարխին, գուցե նաեւ Սերժ Սարգսյանից «ժառանգություն» մնացած մի շարք այլ օլիգարխների, որոնք նոր տերերին ծառայում են նույն խանդավառությամբ, որով ծառայում էին հներին: Շատ հնարավոր է, որ նրանք հիմա Փաշինյանին են ասում «շեֆ ջան», «թագավոր ջան»: Բնականաբար, ամեն մի քծնանքի համար նրանք, ինչպես եւ առաջներում, «պրախոդ» են ստանում բիզնեսում: Արդյո՞ք դուք կարող եք ասել, որ այդ մարդիկ իրենց ներաշխարհով եւ կյանքի հանդեպ մոտեցումներով տարբերվում են Ծառուկյանից: Թե՞ նրանց հարսանեկան տորթերն էին ավելի ցածր:

Բայց վերջին 30 տարվա ընթացքում հարստացածների անճաշակությունն ու չտեսությունը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկուսացված երեւույթ, այլ՝ ընդհանուր սոցիալական համատեքստում: Եթե «կոնսյումերիզմը» (սպառողականությունը) հանդես է գալիս որպես հասարակության հիմնական միտում, ապա պետք չէ զարմանալ, որ ապարանքները, շքեղ մեքենաները, ինչպես նաեւ հարսանիքի ժամանակ երգող թանկարժեք աստղերը դառնում են ցանկացած երիտասարդի երազանքների գագաթնակետը: Երբ մեկը ելույթ է ունենում որպես օլիգարխների չափից դուրս խիստ դատավոր, ապա, ներեցեք, ինձ մոտ կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք այդ խիստ քննադատն ինքը չի երազում ոսկե զուգարանակոնք ունենալ:

Ես հավատում եմ, որ մեծամտության, պճնամոլության (ինչպես նաեւ ցանկացած այլ) մեղքերի մեջ թաղվածներն ուղղելի են՝ եթե ոչ իրենք, ապա իրենց սերունդները: 13-14-րդ դարերի նշանավոր աստվածաբաններից մեկը՝ Մայստեր Էքհարթն ասում էր՝ «չկա այնպիսի գազան, որը ժամանակի մեջ ընդհանրություն չունենար մարդու հետ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen says:

    Եթե Ծառուկյանի մասին ցասումնալից «ստատուսներ» գրում են ներկաների երկրպագուները, ապա նրան իր մականունով դիմում էին նախկինների ամենակարկառուն ներկայացուցիչները, երևի զարմանալ պետք էլ չի, նույն հարթության վրա են….

  2. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Մի տեղ լսեցի կամ կարդացի ու չեմ մոռանա: Ձեր նշած խնդիրները հիմքը մեկն է՝ մենք ունենք ստրուկների հասարակություն: Ստրուկի հոգեբանություն ունեն նաեւ օլիգարխները, իսկ ստրուկը ոչ թե ազատություն է ուզում, այլ՝ ստրկատեր դառնալ է ուզում: Նիկոլն ու նրա թիմը ստրուկ էին, դարձան ստրկատեր: Սա է ողջ ողբերգությունը:

  3. Լավատես says:

    Մարդու ստատուսն ինչքան բարձր է, այնքան սահմանափակումներն են դաժան, սովորական մարդն իրավունք ունի նստի ու ոտքը ոտքի վրա գցի, բայց ոչ մի թագավոր ու թագուհի նման իրավունք չունի, վերջիններիս հնարավորությունները շատ են, բայց եւ սահմանափակումներն էլ են շատ, իսկ սովորական մարդու հնարավորությունները փոքր են եւ սահմանափակումներն էլ են փոքր, ունեւորը մեծ հարկ է վճարում, չունեւորը՝ փոքր հարկ: Իսկ երբ հնարավորությունները ունեւորների չափ է, իսկ սահմանափակումները՝ չունեւորների, սա կոչվում է քաղքենիություն, գեղցիություն, չտեսություն, անմակարդակություն, անդաստիարակություն: Դաստիարակել՝ նշանակում է հարստության (նյութական, հոգեւոր, գիտական, ուժային) մեծացման հետ մեկտեղ մեծացնել սահմանափակումները եւ ինչքան դաժան են այդ սահմանափակումները եւ ահռելի են հնարավորությունները, այնքան բարձր են այդ մարդկանց հասարակական ստատուսները եւ ամենագլխավորը՝ բարձր ստատուսի մարդիկ պետք է ծառայեն իրենցից ցածր ստատուսով մարկանց՝ Ուսուցիչը դառնան, իսկ ցածր ստատուսի մարդը պետք է ձգտի հասնել բարձր ստատուսի եւ արժանանա Ուսուցչի Աշակերտ դառնալու հնարավորությանը: Հայ ազգի Ուսուցիչներ՝ միացեք եւ սիրով, արդարությամբ ու խստորեն դաստիարակեք Աշակերտ ազգին:

  4. Հ.Շ. says:

    Անցած շաբաթավերջի այդ հարսանիքի պարագային, ոչ փողն էր խնդիրը, ոչ հարստութիւնը, ոչ ճաշակը: Այլ՝ անզգամութիւնը: Այժմու կացութեան մէջ, հարստութեան ցուցադրութիւնը չէր խնդիրը, այլ՝ ուրախութեան ցուցադրութիւնը: Քէֆին չափը չէր խնդիրը, այլ՝ քէֆը, ինքնին:

    Հարիւր տարիներէ ի վեր եւ աւելի՝ աշխարհի մէջ կան բիւրաւոր հայեր, որոնք Ապրիլ ամսի ընթացքին հարսանիք չեն ծրագրեր, այդ ամսուայ ընթացքին որեւէ առիթով, որեւէ խնճոյքի չեն մասնակցիր: Մինչ այս հարսանիքի պարագային, Հայոց Մեծ Աղէտը տեղի ունեցաւ ոչ թէ 1915-ին, այլ հինգ ամիսներ առաջ: Եւ այդ խրախճանքի տէրն ու բազմաթիւ մասնակիցները՝ երկրի «պետական» ներկայացուցիչներ են:

    Այս արտասովոր ողբերգութեան պահին, այդ կերպով եւ տարողութեամբ տեղի ունեցած այդ միջոցառումը, պարզապէս՝ անմարդկային էր: Եւ վերահաստատեց որ այդ երկիրը՝ գազանանոց է: Հրէշների հաւաքարան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930