Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ անհետ կորած զինծառայողների ծնողների հերթական հանդիպման ընթացքում կառավարության շենքից դուրս եկավ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը:
Լրատվամիջոցների հարցին, թե ինքը մասնակցո՞ւմ էր հանդիպմանը, նա պատասխանեց. «Ես հանդիպմանը չեմ մասնակցել: Երբ մոտեցա, հանդիպումն արդեն սկսվել էր: Քանի որ, դրսում երեւի ինչ-որ միջադեպ էր եղել, հասկանալով, որ կա ծնողների հետ շփման ինչ-որ հնարավորություն, ազդեցություն, ինձ խնդրեցին, որ գամ, միջամտեմ»:
Ճշտող հարցին, թե ով է խնդրել եւ ծնողների վրա ինչ ազդեցության մասին է խոսքը, պարոն Թովմասյանը պատասխանեց. «Կառավարության կողմից, իսկ ավելի շուտ ոչ թե ազդեցություն, այլ հեղինակություն, քանի որ ես անում եմ ամեն ինչ առաջին իսկ օրվանից, որ օգտակար լինեմ ծնողներին՝ իրենց զավակներին գտնելու կամ բերելու համար»:
Իսկ մինչ այդ, Արտակ Թովմասյանն ասաց. «Այսօրվա դրությամբ ինչ-որ կա, պրոբլեմը ըստ էության այն է, որ մինչեւ հիմա իշխանությունները չեն կարողանում ավելի հստակ քանակ ասել, թե ով է գերեվարված եւ ով է անհետ կորած: Տարբեր թվեր են հայտարարվում, տարբեր ցուցակներ կան, եւ ծնողները թյուրիմացության մեջ են: Ի՞նչ է իրենց ուզածը: Մեծամասնությունը ուզում են գտնել իրենց որդու ինչ-որ մի մասնիկ, որ հայրենիքի համար իր կյանքը նվիրել է, եւ տանեն՝ գերեզման ունենան: Ընդամենը: Այդ հարցն էլ չեն կարողանում լուծել եւ պրոբլեմը դրա մեջ է»:
Կարդացեք նաև
Ճշտող մյուս հարցին, թե անհետ կորած եւ գերի ընկած զինվորների հարցով կառավարությունը բավարար չափով աշխատո՞ւմ է, պարոն Թովմասյանը պատասխանեց. «Եթե բավարար չափով աշխատեին, այսօր այս վիճակը չէր լինի: Այսինքն, պետք է ճիշտ ցուցակագրեն եւ լինեն ազնիվ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ