Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս կարելի է մտնել ցանկացած տիպի երկխոսության մեջ այս մակարդակի հայատյացության պարագայում». Արման Եղոյանը՝ Բաքվում բացված՝ Արցախյան պատերազմի ժամանակ հայերից խլված ռազմավարի պուրակի մասին

Ապրիլ 12,2021 23:30

Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկման ընթացքում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն անդրադարձավ այն փաստին, որ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայերից խլած ռազմավարի պուրակ: Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա հայտարարեց. «Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս թանգարանի համատեքստին: Ցուցադրությունը պարունակում է ոչ միայն  ռազմավարը, այլև հայ զինվորների մանեկեններ, որոնք շղթայված են, խոշտանգված, դեմքի զարհուրելի արտահայտությամբ: Սա արվում է ամենաբարձր՝ երկրի նախագահի մակարդակով»:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հավանական երկխոսության, այսպես ասած՝ ուղիղ կապերի մասին հարցին՝ Արման Եղոյանն ասաց. «Ես իրականում չեմ պատկերացնում, թե ինչպես այսպիսի վերաբերմունքի պարագայում մենք կարող ենք որևէ բանի մասին խոսել: Ես չեմ տեսնում, թե ինչպես կարելի է մտնել ցանկացած տիպի երկխոսության մեջ այս մակարդակի հայատյացության պարագայում, որը կատարվում է ամենաբարձր պետական մակարդակով, որը քաջալերվում է: Հաշվի առնելով Ադրբեջանի կառավարման համակարգը՝ երկրի ղեկավարի ցանկացած խոսք, ուղերձ ուղիղ տարածվում է   հասարակության  բոլոր շերտերի վրա: Այս դեպքում իրավիճակն ավելի վտանգավոր է դառնում, քան դա կարող էր դիտվել, օրինակ, ժողովրդավարական հասարակություններում, որտեղ բազմակարծություն է»:

Արման Եղոյանը նաև կարևորեց Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելը . «Պետք է մտածել տարբերակներ, թե ինչպես կարող են ճնշումն ավելացնել Ադրբեջանի կառավարության նկատմամբ, հակառակ դեպքում ես անկեղծորեն չեմ տեսնում, թե ինչպես կարող է այս հարցը լուծվել առանց միջազգային ճնշման: Ադրբեջանը մի երկիր է, որը միայն ճնշումների լեզուն է հասկանում: Առանց որևէ միջազգային իրավունքի նորմերը հարգելու»:

Նա առաջարկեց մի հարթակ ստեղծել Եվրախորհրդարանում, որտեղ անուն առ անուն կարող են բարձրացնել յուրաքանչյուր գերեվարված անձի խնդիրը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930