Այսօր Գյումրիի մուտքի մոտ մեծ թվով պաշտոնյաներ, քաղաքացիներ դիմավորեցին Մոսկվայում Հայաստանի դրոշը ծածանած չեմպիոններին։ Հիշեցնենք, որ ՌԴ մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը, հատկապես գյումրեցի մարզիկները փայլել էին։ Մեր ծանրորդները նվաճել էին 2` ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ։
Մեդալներով վերադարձած Սամվել Գասպարյանին,Գոռ Մինասյանին,Վարազդատ Լալայանին, Հակոբ Մկրտչյանին, Ռաֆիկ Հարությունյանին գյումրեցիները դիմավորեցին դհոլ-զուռնայով։ Չնայած քամուն ու հորդառատ անձրևին՝ գրակախառնվում, լուսանկարվում էին նրանց հետ։
Սամվել Գասպարյանը, որը նվաճել էր ոսկյա մեդալ` դառնալով Եվրոպայի չեմպիոն, պատմեց, որ աննկարագրելի զգացողություն է ունեցել հաղթանակից հետո, որովհետև առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են ինքը և ընկերը՝ Արսեն Մարտիրոսյանը։
Կարդացեք նաև
«Հաղթանակի զգացողությունը կրկնապատկվեց, որովհետև հակառակորդը հակառակորդ երկրից էր», ասաց նա՝ նշելով,որ հաղթանակը նվիրում է մեր զոհված եղբայրներին։
Նա նախկինում հաղթանակները նվիրել է իր մոր մորեղբորը՝ լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին։
Գերծանր քաշայինների պայքարում վրացի ծանրորդ Լալա Տալախաձեից հետո երկրորդ տեղը զբաղեցրած Գոռ Մինասյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց․
«Անձնական արդյունքները գերազանցում են անընդհատ, այս մրցումներին էլ իմ անձնական արդյունքը չորս կիլոգրամ նորից բարելավեցի։ Քիչ-քիչ մոտենում ենք, կրճատում ենք տարբերությունը, կգա այն պահը, որ կանցնենք և կհասնենք»,-ասաց նա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ