Շատերն են ասել ու կրկնել, որ հայոց վերջապետ, այո՛, ոչ վարչապետ Նիկոլ իջևանցին անուղղելի սուտասան է, իսկ ես պնդում եմ, որ նաև ճշտասան է, և դա հանիրավի աչքաթող է արվել: Հիշենք՝ «Հայկական ժամանակ» թերթը խմբագրելու սկզբից ու պատգամավորական ամբիոնից՝ առանց թաքցնելու կամ սեթևեթանքի, նա դրսևորում էր իր հակահայ էությունը, ատելությունն իրեն ծնած ժողովրդի ու նրա հերոսականության նկատմամբ, գործող իշխանություններին ահաբեկում Ռումինիայի նախկին ղեկավար Չաուշեսկուի սահմռկեցուցիչ ճակատագրով, օլիգարխներին ու նրանց «լկզտված լակոտներին»՝ հաշվեհարդարով ու բանտարկությամբ: Հիմնավոր կրթություն չստացած, կիսատ-պռատ լրագրողը դեմագոգի զորությամբ կայացավ որպես «հեղափոխական»՝ սեփականելով սադրանքի գործելաոճը: Ուներ այլոց հաջողություններից չարացած միտքը, որին մի օր պիտի բավարարություն տար համարժեք գործողությամբ:
Առաջին անգամ՝ որպես երիտասարդ լևոնական, իր ազգատյաց կրքերը դրսևորեց 2008-ի մարտիմեկյան դեպքերի ժամանակ, երբ նախագահական ընտրությունների արդյունքից դժգոհ հայրենակիցներին Նիկոլը ՀԱԿ-ական և ՀՀՇ-ական երևելիների հետ դարձրեց «խելագարված ամբոխներ»: Ցուցարարների ղեկավարությունն ստանձնածները նպատակ ունեին կացության ծայրահեղացման շնորհիվ, թեկուզ «մեկ կաթիլ» անմեղ արյուն թափելու գնով, հասնել ընտրությունների արդյունքների չեղարկմանն ու իրենց հաղթանակին: Սա բացահայտ սադրանք էր: «Մեկ կաթիլի» փոխարեն թափվեց մեր տասն անմեղ հայրենակիցների արյունը: Նիկոլը ճանաչվեց որպես զանգվածային անկարգությունների գլխավոր հրահրիչ: Դիմեց փախուստի: Հավանաբար արտերկրի ինչ-որ անկյունում մասնակցեց «բարի քեռիների» կազմակերպած գունավոր հեղափոխությունների ապագա ղեկավար կադրերի դասընթացներին: Հանկարծ վերադարձավ, դատապարտվեց, սակայն ժամկետից շուտ ազատ արձակվեց կալանքից: Վարչապետ դառնալուց հետո նա հրամայեց գտնել «իսկական մեղավորին», որի դատը շարունակվեց երկուս ու կես տարի ու անմեղ ճանաչվեց: Սակայն, թե ինչո՞ւ մեղադրյալի աթոռին նստած չէին մարտիմեկյան դեպքերի բոլոր սադրիչները, մնաց անհասկանալի:
Ժամանակն ու տարածությունը կատարվածը մոռացության մատնելու հատկություն ունեն: Երբ 2008-ի գարնանամուտից հետո շատ բան մոռացվել էր, արդարացի պատժից խույս տվածն սադրիչները սկսեցին դժգոհել իրենց մարտիմեկյան «ձեռքբերումներից» և պատրաստվեցին նոր պայքարի: Այդ տրամադրություններն իր դիրքի բարձունքից Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի 2013թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած նիստի ժամանակ բարձրաձայնեց կառույցի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Խոսելով այդ պահին Հայաստանում տիրող ծանր կացության մասին՝ նա սրտնեղած հարց տվեց, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը չընդվզեց Եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու և Մաքսային միությանը միանալու ՀՀ իշխանությունների անակնկալ որոշման դեմ և ինչո՞ւ ուկրաինացիների օրինակով Հայաստանում մայդան տեղի չունեցավ: Եվ ինքն էլ տվեց երեք պատասխան: Առաջինն այն է, որ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովվել և հայոց պետականությունը վերականգնվել է Ռուսաստանի շնորհիվ, ապա այն՝ որ մեր օրերում հայերս հակախորհրդային պայքարը չենք փոխարկել հակառուսականի: Սակայն ասվածը Լևոնի ռուսասիրության փաստարկը չէ:
Հայաստանում մայդանի չկայացման երրորդ պատճառը ԼՏՊ-ն համարում է հայ ժողովրդի հիասթափությունը լիբերալների սիրելի Արևմուտքից և վերջինիս կիրառած երկակի ստանդարտներից: Ըստ նրա, երբ 2008-ին Հայաստանում ուկրաինական մայդանից ավելի հզոր բողոքի ալիք կար, Արևմուտքը դա չնկատելու տվեց՝ անվերապահորեն թիկունք կանգնելով «իշխանությունը բռնազավթած ավազակախմբին»: Եվ եթե 2008-ի փետրվարյան շուրջօրյա ցույցերի ժամանակ Հայաստանի իշխանությունները զգուշացվեին խաղաղ ցույցերի նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիության մասին, ապա ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Եվրամիությունը չէին կանգնի քաղաքական ֆիասկոյի առաջ: Դրա հետևանքով Արևմուտքը Հայաստանում հնձեց այն, ինչ ցանեց, ուստի թող ուրիշ մեղավորներ չփնտրի: Հռետորը վստահորեն գտնում է, որ իրավիճակի շտկման միակ միջոցը հայկական մայդանի կայացումն է: Իսկ նման տրամաչափի քաղաքական գործիչը, լավ հասկանալով, թե ժողովուրդների համար ինչ ողբերգություններով են հղի Արևմուտքում մշակված նման «հեղափոխությունները», հայրենակիցներին նորից փողոց ելնելու կոչ է անում. ինչ էլ կատարվի, միայն թե իր մուրազը փորում չմնա:
Կարդացեք նաև
Իսկ չկայացած ժողովրդական ընդվզման համար նա ի ցույց է դնում նաև այլ մեղավորների. «Հարգարժան արևմտամետները պետք է բարի լինեն՝ լրատվամիջոցներով դատարկաբանելու փոխարեն, օր առաջ կայացնել այդ մայդանը»: Հռետորը նաև ափսոսանք է հայտնում այն բանի համար, որ ՀԱԿ-ի դեկտեմբերյան նիստից առաջ՝ սեպտեմբեր-հոկտեմբերին, իր թիմակիցների նախատեսած առնվազն 50-հազարանոց հանրահավաքը չի կայացել և քաղաքական գործընթաց չի սկսվել այլ ուժերի՝ դրանց չմասնակցելու պատճառով: Այնուամենայնիվ, նա վստահ էր, որ շուտով գալու է իշխանությունների հաշիվ տալու ժամանակը: Ասվածից հասկացվում է, որ գլխավոր ՀԱԿ-ականի մտքում նոր մի բան կա: Իսկ նման մարդկանց արագ գտնում և սկսում են համակողմանի աջակցություն ցուցաբերել, քաղաքական տեխնոլոգիաներով զինել իրենց հեռավոր որջերում ծվարած սորոսական և նմանատիպ ոչ կառավարական կազմակերպությունները:
Վերջիններիս աջակցությամբ իշխանությունների և ղեկավարող Հանրապետական կուսակցության նկատմամբ առկա դժգոհությունները 2008-ի փետրվարին հեշտությամբ հայկական մայդան դարձրին նիկոլատիպ քաղաքական գործիչները, որի հետևից գնաց հիմնականում գորշ զանգվածը, որի առաջին շարքերում էին հազարավոր դպրոցականներ: Սրանց ղեկավարներն իրենց քայլերը կատարեցին մայդան երազող ավագ գաղափարախոսների խորհրդով և նորից բազմօրյա ցույցերը տարան ծայրահեղականացման: Սա նոր սադրանք էր՝ հղի ոչ թե «մեկ կաթիլ» արյուն թափելով, այլ քաղաքական կռվով: ՀՀԿ-ն նահանջեց, իսկ նրա ղեկավար, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնելու պատրաստ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը սխալ է, իսկ վարչապետության տենչացող, հիմնավոր գիտելիքներից և կառավարման փորձից զուրկ Նիկոլը՝ ճիշտ: Ավելին, որ վերջինս անպայման վարչապետի աթոռին նստի, Ազգային Ժողովի այլ խմբակցությունների հետ անհրաժեշտ քանակի պատգամավորական ձայներ ապահովեց:
Հայոց բազմադարյա կյանքի անցյալը մերժած, ժողովրդի պատմությունն իր աթոռակալությունից սկսած դիլետանտը ղեկավարի գործառույթին ձեռնամուխ եղավ ոչ թե ազգի միասնության իրականացումից, տնտեսության առողջացումից, այլոց կողմից ուժեղ ճանաչված հայոց բանակի հետագա զորացումից, այլ, նախկինում իր ասածին համապատասխան հանցագործ ընդդիմադիր տարրերին պատերին ծեփելով, ասֆալտին փռելով, թաթիկները կտրելով, բանակը ելակով «զինելով», ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները փչացնելով: Դառը զավեշտ համարենք, որ ռազմական գործից անտեղյակ, հայկական բանակում չծառայած գրչակը դարձավ ճակատամարտերի բովում ծնված գեներալների ղեկավար՝ գերագույն գլխավոր հրամանատար: Դա էլ գորշ ամբոխի սրտով էր, որի հերոսը, երբ երկիրն անպատրաստ էր, ներքաշեց կռվի մեջ և 5000 հայորդիների նահատակության գնով ազերիներին հանձնեց տասնյակ սերունդների կյանքով պաշտպանված հայոց Արցախ նահանգի մեծ մասը:
Նիկոլը, անշուշտ, ֆենոմեն է համաշխարհային պատմության մեջ, երկիրը ծանր պարտության մատնելուց հետո էլ շարունակում է այն ղեկավարել: Այդպես է, քանի որ զուրկ է առաքինությունից, որպես սադրիչ՝ հմտորեն օգտվում է Սահմանադրության՝ մնալ-չմնալու դրույթից, արհամարհում Հայրենիքի փրկության շարժման շուրջ համախմբվածներին՝ մարտադաշտերում զոհվածների հարազատներին, պատերազմի մասնակիցներին, Հայաստանի մտավորականությանը, Հայ Առաքելական եկեղեցուն, բարձրագույն զինվորականներին, սփյուռքահայությանը, շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններին: Այ, հիմա Նիկոլի ուսուցիչը չի կարող բողոքել Արևմուտքի վերաբերմունքից:
Զզվելի է մարտնչող տգիտությունը: 2018-ի գարնանը ձևավորված այդ զանգվածի մի մասն այսօր էլ «դուխով» գնում է հողատու Նիկոլի ու նրա հետ հօգուտ ադրբեջանաթուրքական եղբայրության իրենց ապազգային քայլը կատարողների հետևից: Իսկ սրանք խոր հավատ ունեն իրենց քիրվաների բարեկրթության մասին և արցախյան երկրորդ պատերազմը տանուլ տալուց հետո պատրաստ են թշնամուն զիջել Սյունիքը, որը եղել է Նիկոլի վաղեմի երազանքը: Չե՞ք հավատում: Ընթերցեք «Հայկական ժամանակ» թերթի 2001թ. մայիսի 23-ի համարում լույս տեսած հոդվածը:
Այս ժամանակ «Հոբլի ծրագրով» դրված էր Մեղրու օտարման հարցը, որի դեմ էին Հայաստանի հայրենասեր ուժերն ու իշխանությունները: Այդ թնջուկը հանգուցալուծելու դեպքում, ըստ Նիկոլի, Թուրքիան դուրս կգար Կենտրոնական Ասիա, որը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ հակասում է Ռուսաստանին և նորերս մեր բարեկամը դարձած Չինաստանին: «Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետև Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի»: Հիմա այս մտահղացման իրականացմանն են նվիրված նիկոլականները: Ուստի պիտի հասնել Նիկոլի պաշտոնանկությանը, ապա նոր մտածել խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Հակառակ դեպքում, եթե նա իր ուսապարկերի հետ վերարտադրվի, ինչպես վերջերս էր անսքող խոստանում գորշ ամբոխին, սկսվելու է քաղաքացու վրեժի ժամանակը: Սա նոր սադրանքի սկիզբ պիտի համարել, որի ընթացքում նորից կթափվի հայի արյուն: Սրան պարտք ունի դիմագրավելու հայրենիքի ճակատագրով մտահոգ մեր յուրաքանչյուր հայրենակից:
ՌՈՒԲԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ