Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաբուխ տողեր՝ մի համերգից հետո

Ապրիլ 12,2021 23:13

Ապրիլի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Գարի Քյոսայան ջազ քառյակի համերգը՝ նվիրված մեծանուն հայազգի կոմպոզիտոր, դաշնակահար, «Օսկարի», «Գրեմմիի», «Ոսկե գլոբուսի» ասպետ Միշել Լեգրանին: Մասնակցում էին նաեւ Կարինա Իգնատյանը, Ալլա Սահակյանը, Վարշամ Գեւորգյանը եւ Սոնա Ումրոյանը:

Համերգը գեղեցիկ ձեւաչափով էր. Ոչ միայն հնչում էին Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր ու Միշել Լեգրանի անկրկնելի ստեղծագործությունները, այլեւ բեմի վրա  ներկայացվում էր Լեգրանի անցած ուղին, նրա աստեղային պահերը, մեծ սերը…

Համերգը նվիրված էր Լեգրանին, բայց, անշուշտ, առանցքում Գարի Քյոսայան ջազային երաժիշտն էր, դաշնակահարն ու կոմպոզիտորը: Որքան էլ Քյոսայանն ասում է, որ պետք է նվագել լայն մասսաների համար ու այդպես էլ անում է, այնուամենայնիվ իր երաժշտությունը ինտելեկտուալ  ու հոգեթով ջազ է, խիստ տարբերվող, յուրօրինակ, մի տեսակ վերերկրային: Ու պատահական չէ, որ այս երաժիշտը բացակայում է Հայաստանում ձեւավորված ջազային «թայֆաներից», որոնց անդամներից ոմանք ֆեյսբուքում «նստած» սպասում են, թե որ իշխանավորը գրառում կկատարի, որ հավանության նշան դնեն կամ գրեն «ցավդ տանեմ»:

Դահլիճը կարոտել էր Գարի Քյոսայանին ու իր քառյակին, ունկնդիրն էլ հատընտիր էր, որ եկել էր պարզապես տիրող գաղջից մեկ ժամով կտրվելու ու ազնվական երաժշտություն վայելելու: Համերգն ավարտվել էր, սակայն, ունկնդիրը չէր հեռանում: Գարի Քյոսայանը կրկին մոտեցավ դաշնամուրին ու կատարեց իր «Արմենիա» ստեղծագործությունը, որն այնքան հույս  ու լուսավոր ապագայի հավատ ունի ամփոփած մեր Հայաստան երկրի համար՝ այս խառնակ ժամանակներում: Համերգը ստացված էր, փայլեց եւ քառյակն ընդհանրապես, եւ Ալլան, Վարշամն ու Սոնան, եւ Կարինա Իգնատյանը իր հրաշալի վոկալով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930