Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղեկությունը, որ հայ գերիներին Ադրբեջանից Հայաստան վերադարձնելիս նետել են ծովը, իրականությանը չի համապատասխանում». Հեղինե Էվինյան

Ապրիլ 12,2021 22:45

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկման ընթացքում հայտարարեց՝ սոցցանցերում տարածվող այն տեղեկությունները, որ հայ գերիները Ադրբեջանից Հայաստան վերադարձվելիս ինքնաթիռից նետվել են ծովը, չեն համապատասխանում իրականությանը: Քննարկման մասնակիցներից մեկն այս հարցը բարձրացրեց և խնդրեց հստակ տեղեկություններ տալ:

Նշենք, որ քննարկումը կազմակերպվել է Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի ջանքերով:

Հայ գերիներին ծովը նետելու հարցի առիթով Հեղինե Էվինյանը մանրամասնեց. «Այն տվյալների համաձայն, որոնց ես տիրապետում եմ, Ձեր նշած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը, ցավոք, որևէ հայ գերու չի վերադարձրել»:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս առիթով ասաց. «Մենք այժմ մշտադիտարկում ենք իրականացնում բոլոր սոցիալական ցանցերի հետ կապված՝ ներառյալ Ադրբեջանի սոցիալական մեդիան՝ ադրբեջաներենի և թուրքերենի տիրապետող մասնագետների հետ համագործակցությամբ: Մենք տեղյակ ենք բոլոր զարգացումներին, բայց նման տեղեկություն մեզ մոտ չի փաստաթղթավորվել և չի արձանագրվել: Սակայն ուզում եմ նշել, որ ինստիտուցիոնալ մակարդակով թշնամություն, հայատյացություն է գեներացվում Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ»:

Արման Թաթոյանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, որ հայ զինծառայողները պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորականների կողմից խոշտանգման են ենթարկվել:

Արման Թաթոյանն այս համատեքստում նշեց, որ իրենց հաճախ միջազգային գործընկերները հարցնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գոյակցության մասին: Այս առիթով ՀՀ ՄԻՊ-ն ասաց. «Ես՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան հայտարարում եմ, որ խաղաղությունը Հայաստանի համար բացարձակ արժեք է, բայց դա չի կարող տեղի ունենալ մեկ կողմի իրավունքների և ազատությունների հաշվին»:

Նա նաև շեշտեց՝ միջազգային կազմակերպությունները իրենց մեծ ներդրումը կարող են ունենալ տարածաշրջանում լարվածության նվազեցման հարցում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930