ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ապրիլի 12-ին հանդիպեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով զոհված եւ անհետ կորած մի խումբ զինծառայողների ծնողների եւ հարազատների հետ:
Ծնողները հայտնեցին, որ իրենց պահանջը մեկն է՝ պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց եւ բարձրաստիճան զինվորականներին, որոնց իմացությամբ եւ հրամանով Հադրութի՝ արդեն ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածք են ուղարկվել իրենց որդիները՝ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողները: Նրանցից 67-ը զոհվել է, 6-ի ճակատագիրն առայսօր հայտնի չէ: Գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում, սակայն ծնողները պահանջում են այն տեղափոխել ԱԱԾ:
Պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հայտնեց, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է զինծառայողների ծնողների հետ, որի նպատակը հարցի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելն ու լուծման ուղիներ գտնելն է: Պատգամավորը պատրաստակամություն հայտնեց հարցի վերաբերյալ փակ քննարկումներ նախաձեռնելու խորհրդարանում, որտեղ ծնողները կկարողանան ներկայացնել իրենց հուզող բոլոր հարցերը:
ՀՀ Ազգային ժողով
Կարդացեք նաև