Շիրակի մարզի Ազատան գյուղից էր Պարույր Գրիգորյանը։ 4 եղբայրներից միջնեկն էր՝ փոքրամարմինն ու ճարպիկը։ Հոկտեմբերի 25-ին ռազմաճակատ մեկնելու հրահանգ է ստանում ու առանց մեկ վայրկյան մտածելու ճամփա ընկնում՝ տանը թողնելով կնոջը, 4-ամյա տղային ու երկու ամսական աղջկան: «Երբ պատերազմը սկսվեց, անընդհատ ասում էր՝ հենց հրահանգ լինի, գնալու է»,- պատմում է բարեկամուհին՝ Սուսիկ Սարգսյանը։
Պարույրին ու եղբայրներին միայնակ պահել ու մեծացրել է մայրը։ Չնայած կյանքում հանդիպած բոլոր դժվարություններին, Պարույրն ամեն ինչ անում էր, որպեսզի իր երեխաները չհանդիպեն այն խնդիրներին, որոնց ինքն էր հանդիպել։ «Ես չգնամ, ո̑վ գնա։ Վաղը թուրքը գա, մտի իմ տու̑ն»,- ասել էր հերոսը՝ տանից ռազմաճակատ մեկնելու պահին ու կնոջը՝ Քրիստինեին խնդրել, որ ոչ մի դեպքում մորը, որ Ֆրանսիայում բուժում է ստանում, չասի իր՝ ռազմաճակատ մեկնելու լուրը։
Կարդացեք նաև
«Երբ գնաց, բոլորս վախենում էինք, հոգու խորքում մտածում էինք՝ հետ չի գա։ Իրեն լավ էինք ճանաչում ու միշտ ասում էինք՝ ինքը ուրիշին փրկելու համար իրեն է վնաս տալու։ Հենց այդպես էլ եղավ»,- շարունակում է ազգականը։ Նոյեմբերի 4-ին Պարույրը վերջին անգամ զանգում է կնոջը, հորդորում, որ ամեն ինչ լավ է ու լավ էլ լինելու է։ Նոյեմբերի 6-ին, Շուշիի պաշտպանական թեժ մարտերի ժամանակ Պարույրը նկատում է վիրավոր համագյուղացուն, չլսելով ոչ ոքի՝ վազում է նրան օգնություն ցույց տալու, հենց այդ պահին թշնամու դիպուկահարը չի վրիպում։ Պարույրը զոհվում է՝ փրկելով ընկերոջը։ Մինչև զոհվելը ոչ ոք չգիտեր, որ գնացած առաջին իսկ օրից էլ Շուշիում է եղել։
Հերոսի որդին՝ 4-ամյա Վահեն, հասկանալով ամենը, ինչ կատարվում է ընտանիքում, մոր ընկերն ու հույսն է դարձել։ Քրիստինեն նպատակ ունի՝ իրականացնել այն բոլոր երազանքները, որոնք ուներ Պարույրը։ Առաջինը Վահեին ըմբշամարտի ուղարկելն է։
Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ