Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին պահանջում եմ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին». Մարինա Կալյուրանդ

Ապրիլ 12,2021 21:50

«Ես Ադրբեջանին հորդորում եմ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին»,-Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկման ընթացքում հայտարարեց Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարինա Կալյուրանդը:

Նա նշեց՝ հետևել է արցախյան 44-օրյա պատերազմին և շեշտեց՝ միշտ ասել է՝ պատերազմը լուծում չէ: Միևնույն ժամանակ նկատեց՝ ներկայումս բավականին բարդ է լինել հավասարակշռված, քանի որ ճնշումը, պահանջներն ու սպասումները երկու կողմից էլ բավականին բարձր են:

Խոսելով ԵՄ-ի դերակատարության մասին՝ նա նշեց, որ այս պահին, ինչպես նաև պատերազմի ողջ ընթացքում բավականին մեծ է եղել ԵՄ-ի դերակատարությունը, սակայն նաև ցավով ասաց. «ԵՄ-ն իրոք ի վիճակի չէր խաղալ այն դերը, որը պետք է խաղար, որ կանխարգելել այս իրավիճակը: Ցավոք, մենք չենք ունեցել հնարավորություն լինել ավելի ակտիվ և ավելին անել պատերազմը կանխելու համար: Ես ընդունում եմ՝մենք կարող էինք անել ավելին, բայց դա չի նշանակում, որ ոչինչ չենք արել: Կարծում եմ՝ ընտրություններից հետո ԵՄ-ն ավելի ակտիվ դերակատարություն կունենա»:

Մարինա Կալյուրանդը փաստեց՝ Ռուսաստանը լուծել է հարցը՝ դադարեցնելով պատերազմը, բայց դա միայն առաջին քայլն է եղել: Այս առիթով մտահոգություն հայտնեց. «Ես չեմ տեսնում, որ էական բանակցություններ են գնում Արցախի հետագա ճակատագրի մասին Ես հորդորում եմ Ադրբեջանին նստել բանակցային սեղանի շուրջ, և քննարկումներ ընթանան Արցախի կարգավիճակի հետ կապված»:

Մարինա Կալյուրանդը քննադատեց Ադրբեջանին, որ ամեն կերպով խոչընդոտում է գերիների վերադարձի գործընթացին: Նա փաստեց, որ Ադրբեջանը չի տրամադրում բավարար տեղեկություն գերիների իրավիճակի հետ կապված, մինչդեռ դա ՄԻԵԴ-ի պահանջն է:

Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին՝ Մարինա Կալյուրանդը հայտարարեց. «Ես չեմ պաշտպանում նրա հայտարարությունները: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ եռակողմ հայտարարության ստորագրմամբ՝ բոլոր կողմերը պարտավորություն են ստանձնել վերադարձնել գերիներին: Մինչդեռ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում են, որ այդ մարդիկ գերիներ չեն, այլ ահաբեկիչներ են: Այդ դեպքում պետք է լիներ դատական գործընթաց, իրավական ընթացակարգեր, բայց քանի որ նման բան չկա, ես Ադրբեջանին հորդորում եմ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930