Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններին կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում. ՀՔԾ

Ապրիլ 12,2021 18:55

Քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանն այսօր հայտարարություն են տարածել` նշելով, թե իբրև ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին տարածած հաղորդագրությամբ փորձել է «տպավորություն ստեղծել», որ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը»` միաժամանակ ՀՔԾ-ին հորդորելով «օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և առարկայազուրկ գործը չհասցնել դատարան»:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, որի նկարագրությունը մանրամասն ներկայացված է 10.04.2021թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ:

Այսպիսով` փաստաբաններին հերթական անգամ կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում և քրեական գործի նյութերում առկա փաստերը աղավաղված ներկայացնելու կամ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվել բուն մասնագիտական գործունեությամբ: Հակառակ պարագայում նրանք առաջին հերթին կասկածի տակ են դնում հենց իրենց` պաշտպանների` որպես իրավաբանների կոմպետենտությունը:

ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն

Նշենք, որ Ռոբերտ Նազարյանի շահերի պաշտպաններ՝ Գագիկ Խաչիկյան և Սասուն Ռաֆաելյանն ավելի վաղ տարածել էին հետևյալ հայտարարությունը.

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին հաղորդագրություն է տարածել փորձելով տպավորություն ստեղծել թե իբր Երևան քաղաքի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը։

Վերջին շրջանի դառը իրականությունը հաշվի առնելով կոչ ենք անում հանրությանը սույն տեղեկատվությանը վերաբերվել հումորով, իսկ ՀՔԾ-ին հորդորում ենք օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և  առարկայազուրկ գործը չհասցնել դատարան, այլապես ունենալու ենք հերթական արդարացումը։ ⠀

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930