«Ծնողները, որոնք նման տարօրինակ հայտարարություններով են հանդես գալիս, ոչ միայն քաղաքականացնում են, այլեւ իշխանականացնում են այդ հարցը եւ ջոր են լցնում այն նույն իշխանության ջրաղացին, որը հանցագործաբար է բերել տղաների գերեվարմանը: Հանձնել է իրենց որդիներին գերության. եթե իրենք հոժար կամքով ասում են, որ դա լավ է՝ չեմ կարծում, որ իրենք հանգիստ քուն կունենան երբեւիցէ: Դա նշանակում է՝ համաձայնել հանցագործության՝ իրենց որդիների հանդեպ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ռազմագերիների հարցի քաղաքականացնել-չքաղաքականացնելու շուրջ առկա բանավեճին:
Հիշեցնենք, գերեվարվածների հարազատներն այսօր էլ կառավարության շենքի մոտ ցույցի ժամանակ հայտարարել են, որ իրենց բողոքն իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի դեմ չէ:
Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ այդ դեպքում ստիպված են լինելու դեռ երկար հաշտվել այն իրողության հետ, որ իրենց հարազատները շահարկման առարկա են լինելու: Նա, ի դեպ, չի հիշում, որ Հայաստանը երբեւէ այսքան կրավորական կեցվածք դրսեւորեր ռազմագերիների հարցում:
Տիկին Ալավերդյանը նաեւ հստակեցնում է՝ գերիների խնդրի շուրջ քննարկումները տարբերվում են այն բոլոր սյուժեներից, որոնք մենք ունեցել ենք 1990-ականներին: Համեմատությունները համարում է անտեղյակության դրսեւորում: «Այն ժամանակ մենք ունեցել ենք գերիներ՝ կատաղի մարտերի արդյունքում, որոնք ավարտվել են մեր հաղթանակով, իսկ այժմ, գերիների մեծ մասը երկու դրվագներով են գերեւարվել՝ նոյեմբերի 9-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հանձնել է տարածքները՝ դեռ ողջ եւ մարտերի մեջ մասնակցող զինվորների հետ: 1990-ականներին այդպիսի բան չի եղել, դա հանցագործություն է ինքնին, եռակի հանցագործություն է, որ այդ օրը պայման չի դրվել, ժամանակ չի վերցվել՝ այդ համաձայնությամբ եւ հետագայում բանավոր համաձայնությամբ հանձնվող տարածքներից մարդկանց կազմակերպված դուրս բերելու համար: Դրանից հետո Մոսկվայում անօգնական ձեւով եւ կեղծ պաթոսով խոսում էր գերիների մասին: Այդ դրվագից հետո ցինիկ ձեւով կեղծ լուր են տարածում, հետո էլ նույն ցինիկությամբ մեղքն ուզում են դնել այլ կողմի վրա՝ ՌԴ կամ ՌԴ ղեկավար»:
Կարդացեք նաև
Հաջորդ դրվագը, ըստ Լարիսա Ալավերդյանի, 2020-ի դեկտեմբերին հանձնված Հադրութի շրջանի երկու գյուղերն են այն զինվորներով, որոնք չէին գնացել գերի ընկնելու, այլ պայքարելու այն տարածքների համար, որոնք դեռ չեն հանձնվել Ադրբեջանին:
«Իմ սիրտը ձեզ հետ է. Հայաստանում քչերն են պատկերացնում, թե ինչ է նշանակում գերի լինել Ադրբեջանում՝ անգամ եթե նրանց ոչինչ չեն անում»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ գործնական քայլեր ռազմագերիների հարցով անում են մի խումբ իրավաբաններ, որոնք դիմում են եվրոպական ատյաններ:
Անդրադառնալով Ադրբեջանի կեցվածքին, որ իրենց մոտ ռազմագերիներ չկան, դիվերսանտներ են, Լարիսա Ալավերդյանն ասում է, որ այդ դեպքում, ՀՀ-ն պետք է դիմի միջազգային ատյաններին եւ Ադրբեջանին՝պահանջելով այդ մարդկանց համար պաշտպաններ. «Այս ճանապարհն Ադրբեջանին կբերի այնպիսի դաշտ, որտեղ նա չի կարող մերժել, այլապես կստացվի հակադրվել միջազգային իրավունքին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ