Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ ապրիլի 10-12-ը նշվում է «Տիեզերագնացության օրը»։
Միջոցառումների շրջանակում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Վ. Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի հետ կազմակերպել է միջազգային գիտահանրամատչելի կոնֆերանս «Տիեզերական հետազոտությունները և ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով, որը նվիրված է Տիեզերքի նվաճման 60-ամյակին։ Կոնֆերանսի մասնակիցներն են հայ և ռուս առաջատար գիտնականներ և փորձագետներ։
«Տիեզերագնացության օրվան ընդառաջ նախաձեռնել էինք միջոցառումների շարք՝ տարիքային տարբեր խմբերի համար՝ էքսկուրսիաներ տիեզերագնացության պատրաստման կենտրոն, Բյուրականի աստղադիտարան, «Առաջինը տիեզերքում. Մեր Գագարինը» ցուցահանդես, դասախոսություններ, հանդիպումներ և գիտական կոնֆերանս։ Դեպի տիեզերք թռիչքը 20-րդ դարի ամենավառ և նշանակալի իրադարձություններից է։ Հենց մեր երկիրն է տիեզերքն ուսումնասիրելու առաջին քայլերը կատարել և մեկընդմիշտ գրանցվել մարդկության պատմության մեջ, ստեղծել զարգացման հորիզոններ և իրականացրել միլիոնավոր մարդկանց երազանքը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Խորհրդային տարիներին Հայաստանում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել տասնյակ տիե¬զե¬րագնացներ։ Հայաստանը մեծ ներդրում ունի տիեզերագիտության զարգացման գործում: Շնորհիվ գիտական ձեռքբերումների՝ Բյուրականի աստղադիտարանը դարձել է աստղաֆիզիկոսների տարածաշրջանային կենտրոն:
Կարդացեք նաև
«Հայաստանը փոքր երկիր է, բայց Խորհրդային Միության մի մասը լինելու շնորհիվ զգալի ներդրում է ունեցել տիեզերական հետազոտությունների և տիեզերագնացության ոլորտում։ Հայաստանն իր աստղագիտական և այլ հարակից հիմքերով մեծ ներուժ ունի համագործակցությունների հաստատման և տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման համար», – նշեց Վ. Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Միջազգային կոնֆերանսին զուգահեռ տեղի ունեցավ «Առաջինը Տիեզերքում. Մեր Գագարինը» ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Վ. Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար Վահագն Գուրզադյանը, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, հեռավար կապով՝ «Կոսմոնավտիկա և ավիացիա» կենտրոնի նախագահ, Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Ֆյոդոր Յուրչիխինը, Յու. Ա. Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական կենտրոն «Կոսմեցենտր»-ի ղեկավար, Ռուսաստանի հերոս Սալիժան Շարիպովը և այլոք։
1961 թվականի ապրիլի 12-ին խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը «Վոստոկ» տիեզերանավով առաջին ուղեծրային թռիչքն է կատարել Երկիր մոլորակի շուրջը։
2011 թվականի ապրիլի 7-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի պլենարային հատուկ նիստի ժամանակ ընդունվել է բանաձև, որը պաշտոնապես հայտարարել է ապրիլի 12-ը «Մարդու տիեզերք թռչելու» միջազգային օր։ Բանաձևը ստորագրել են ավելի քան 60 երկրներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-12-ը Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառումների շարք` օնլայն էքսկուրսիա ՌԴ–ի Աստղային քաղաքում, հարցազրույց օդաչու–տիեզերագնաց «Տիեզերագնացություն և ավիացիա» կենտրոնի տնօրեն, ՌԴ հերոս Ֆյոդոր Յուրչիխինի, ճանաչողական տեսակոնֆերանս օդաչու-տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկու հետ և երեխաների համար ճանաչողական շրջայց Բյուրականի աստղադիտարանում։
«Դոմ Մոսկվի»