ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար ընտրությունները կեղծ օրակարգ են. դրանք լուծում չեն տալու այս ճգնաժամին:
«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արմեն Աշոտյանը նկատեց. «Նիկոլը կարողացավ խաղը փոխել և նորից սպիտակներով խաղալ: Ինքը թելադրում է խաղը, և, ցավոք, ընդդիմությունը չկարողացավ միասնական կերպով դիմադրել ու թելադրել սեփական խաղի կանոնները»:
Արմեն Աշոտյանն ահազանգում է՝ Նիկոլ Փաշինյանն անելու է այն, ինչ ուզում է և անելու է միանձնյա:
Հարցին՝ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ կուսակցությունում դեռևս որոշում չկա, բայց նաև հավելեց. «Երբ ՀՀԿ-ն պայքարում էր Նիկոլ Փաշինյանի դեմ, ոչ մեկ չէր պայքարում: Հիմա էլ մենք մինչև վերջ պայքարելու ենք. ձևաչափը պայքարի, տեխնիկական լուծումներն ամեն իրավիճակում իր համարժեք լուծումը կստանա: Առանց ՀՀԿ-ի ՀՀ քաղաքական ապագայի վերաբերյալ որոշումներ չեն կայացվելու»:
Կարդացեք նաև
Ըստ Արմեն Աշոտյանի՝ այսօր ընդդիմությունն այն միասնականությունը չունի, ինչ Հայրենիքի փրկության շարժման միջոցառումների գագաթնակետում: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է զուգահեռ քաղաքական օրակարգեր ստեղծել և առաջ տանել, ինչը նրա վերարտադրության միակ ճանապարհն է: Արմեն Աշոտյանի վստահեցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կհաղթի այս ընտրություններում, եթե ընդդիմությունը թույլ տա. ոչ թե մեջքից խփի, այլ մեջք մեջքի տան:
Խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և սպասվող ընտրությունների մասին՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Ընտրություններն արդեն սարքած են. ինչքան սարքած են, որ անգամ Նիկոլ Փաշինյանի վաղեմի գործընկեր Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում ասում է, որ այս ձևով ընդունված ԸՕ-ը դելեգիտիմացնում է ընտրությունները: Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կեղծված է, ԸՕ փոփոխություն արվել է առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքի, միահեծան, մի խմբակցությունով առանց ընդդիմության հետ քաղաքական քննարկումների, առանց կոնսենսուսի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ