«Ես կուսակցություն չունեմ, ձեզ սխալ բաներ են զեկուցել։ Իրականում երկրի իրավիճակով մտահոգ մարդիկ ինձ հրավիրել են որպես ռազմական մասնագետի, կցվել եմ այդ թիմին։ Տեսնենք․․․»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե Սամվել Բաբայանն իր «Միասնական հայրենիք» կուսակցությամբ է մասնակցելու հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Գրագետ, նորմալ թիմ է։ Ես խորհրդի կազմում եմ։ Որեւէ մեկի հետ չենք գործակցում, որեւէ մեկի հետ կոալիցիա չենք կազմում։ Կմտնենք խորհրդարան, կտեսնենք, թե ովքեր կմտնեն, նոր կասենք, թե ում հետ ենք համագործակցում։ Հիմա լուրջ չի ասել, թե ում հետ կգործակցենք»,-նշեց նա։
Խնդրեցինք մեկնաբանել տեղեկությունները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն համոզում է Արցախում քաղաքական այլընտրանք լինել նախագահ Արայիկ Հարությունյանին։ «Երեսուն տարի այս դաշտում եմ, ձեզ թվում է՝ ինձ որեւէ մեկը կարող է համոզե՞լ։ Ես որեւէ մեկի պոչը չեմ եղել երբեւէ եւ չեմ կարող լինել։ Ինձ որեւէ մեկը չի համոզի, եւ նման խոսակցություն հետս չի ունեցել՝ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որեւէ այլ մեկը»,-ասաց Սամվել Բաբայանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ