Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ուսումնասիրվի բերրի հողը, որի վրա 13 տարիների ընթացքում բուծվել է Նիկոլ Փաշինյանը». Արա Հակոբյան

Ապրիլ 12,2021 16:30

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի համար միարժեք է, որ ռազմագերիների խնդիրը քաղաքական է եւ պետք է լուծվի քաղաքական իշխանության ներկայացուցիչների միջոցով: Միարժեք է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հարցին լուծում տալ, որովհետեւ մյուս կողմը «բանի տեղ չի դնում Նիկոլին. հստակ ասում է, որ չկան այլեւս գերիներ, կան ահաբեկիչներ՝ ցույց տալով, որ հարցը լուծվելու է Ադրբեջանի, անձամբ Ալիեւի անհրաժեշտությունների համատեքստում»: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով այս խնդրի մասին՝ բանախոսը «անպատասխանատու եւ ծաղրական» որակեց ռազմագերիների հարցով իշխանության կեցվածքի դրսեւորումը երկու օր առաջ:

Արա Հակոբյանը անհարկի շահարկումներ չի համարում խոսակցությունները, որ գերիների հարցը կարող է օգտագործվել Սյունիքում Հայաստանից տարածքային զիջումների համար: Կարծում է, որ ծածկադմփոցներ պետք չէ անել եւ եթե կա նման անգամ չնչին վտանգ՝ պետք է խոսել այդ մասին՝ կանխելու համար: Արա Հակոբյանը հիշեցնում է բանակցային գործընթացում հայկական դիրքորոշումը. «Սկզբում խոսում էինք «կարգավիճակ՝ տարածքների դիմաց», հետո՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց», հետո՝ «ոչինչ՝ տարածքների դիմաց», հիմա արդեն՝ «գերիներ՝ տարածքների դիմաց»՝ հայկական տարածքները դարձնելով սակարկման առարկա»:

Նա, համենայնդեպս, տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը կգնա «գերիներ՝ տարածքների դիմաց» ծրագրով: Միաժամանակ, գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն այդ պայմանավորվածությունների մեջ է, բայց որոշում ընդունողն ինքը չէ: Գերիների եւ նրանց ընտանիքների զգացմունքները շահարկելը, դրանց վրա խաղալը նողկալի է համարում, մի բան, ինչն, իր գնահատմամբ, անում է Նիկոլ Փաշինյանը:

Արա Հակոբյանը հուսով է, թե գերիների հարազատները հասկացել են, որ հարցը քաղաքական է եւ եթե հարազատներն ունեն նման միտում՝ ընդդիմադիրները նրանց պետք է աջակցեն:

Բանախոսի կարծիքով, գերիների, եւ ընդհանրապես, հայոց պետականության հարցերը սկսելու են լուծվել այս իշխանության հեռանալուց հետո. «Եթե այս իշխանությունը մնա՝ ճանաչելու են սովետականացված Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները: Արդյունքում փաստացի ճանաչելու է, որ Արցախն Ադրբեջանի մաս է եւ կարգավիճակի հարց եթե բարձրանա, դա լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, Թուրքիայի պարագայում՝ փակելու է Ցեղասպանության, հայրենազրկման եւ դրա հետեւանքների վերացման հարցը: Եվ այս ամենն անում է մեր թշնամու հետ համաձայնեցված»: Այս հարցերն, ըստ բանախոսի, դեռ 1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ լուծել, բայց չկարողացավ, քանի որ դիմադրողներ կային, Նիկոլ Փաշինյանը կարողացավ, քանի որ ուներ համախոհներ եւ կարողացավ կազմակերպել պարտություն Արցախում:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին էլ Արա Հակոբյանն ասաց. «Ես չունեմ հարցի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանը կազմակերպելո՞ւ է իր համակարգմամբ ընտրություններ, թե՞ ոչ: Նիկոլ Փաշինյանը գնում է ընտրությունների՝ պարտադրված: Եթե նա կարողանար ընտրություններ չանել՝ չէր անի: Պարտադրանքը երկակի է. կա ներհայկական ճնշում, կա արտաքին ճնշում եւ այդ երկու ճնշումների արդյունքում, Նիկոլ Փաշինյանը դժվարություններ ունի իր արտաքին պարտավորությունների կատարման առումով, այդ թվում նաեւ մեր թշնամիների հետ ունեցած: Ուստի, նա պետք է վերահաստատի իր ունեցած իշխանության չափը: Այսօրվա ունեցած չափն իրեն չի բավարարում: Դրա ամենապարզ օրինակն իր տեղափոխումներն են. Երեւանի մեջ Ա կետից Բ կետը նա հազարավոր ոստիկաններով է գնում: Եթե նա կարողանար ընտրություններ չանել եւ իր պարտավորությունները կատարել՝ հաստատ ընտրություններ չէր անի»: Եթե մինչեւ իր հրաժարականի օրը Նիկոլ Փաշինյանը կարողանա երկրում իրավիճակ փոխել՝ հօգուտ իր իշխանության ամրապնդման, բանախոսի համոզմամբ, չի գնա ընտրությունների:

ԸՕ-ի ռեյտինգային համակարգի փոփոխումն էլ նա դիտարկում է այն համատեքստում, որ «Իմ քայլին» դա էր ձեռնտու, ոչ թե երկրում հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու համար էր, այլապես փոխելու շատ բաներ կային, որոնք չփոխվեցին:

Քանի որ առ այս պահը քաղաքական ուժերը գնում են Նիկոլ Փաշինյանի օրակարգով ընտրությունների՝ վերադասավորումներ եւ քննարկումներ են լինում նաեւ ընդդիմադիր դաշտում, «Ազգային օրակարգն» էլ է քննարկումների մեջ. «Մեր նպատակը Հայաստանում ազգային իշխանության ձեւավորումն է: Ազգային ուժերը պետք է համախմբվեն. միայն այդ միջոցով է հնարավոր այս իշխանախմբի հեռացումը»:

Մոտեցումներ կան, որ որպեսզի գնանք ապագա՝ անցյալի հետ պետք է համերաշխ լինել. Արա Հակոբյանը կողմ է՝ բայց մեկ պայմանով՝ էջը պետք է շրջել, բայց այն ամբողջությամբ պետք է կարդալ՝ նոր շրջել՝ բացահայտել այդ էջում եղած դեպքերը, դրանց պատասխանատուներին եւ կազմակերպիչներին եւ պատասխանատվության կանչել. «Պետք է հասկանալ, թե այս իրավիճակի համար ովքե՞ր են պատասխանատու: Երբ ամբողջ բեռը գցում են միայն Նիկոլ Փաշինյանի վրա, դա նշանակում է Նիկոլ Փաշինյանն ինքն է եկել, ոչ թե իրեն օգնել են, որ գա, որ նրան բուծելու համար անհրաժեշտ հող չի եղել: Պետք է ուսումնասիրվի բերրի հողը, որի վրա 13 տարիների ընթացքում բուծվել է Նիկոլ Փաշինյանը եւ նրա հանցակից խունտան, այդ հողը պետք է քամուն տալ, որպեսզի ապագայի համար վստահ լինենք, որ նոր նիկոլփաշինյաններ չեն գալու»:

Անդրադառնալով «Մարտի 1-ի» գործին էլ, Արա Հակոբյանն ասաց, որ այն ցույց տվեց, որ դա իրականում Քոչարյանի դատաքննություն էր, բարձրաստիճան գեներալների թիրախավորում, քանի որ մյուս կողմը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, չէին մասնակցում դրան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930