Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասացին՝ «չէ, մենք դուխով ենք, օդում հրթիռ ենք բռնում»․ 2013թ․-ից եմ ասել, որ սա է լինելու մեր վիճակը»․ Սամվել Բաբայան

Ապրիլ 12,2021 15:58

«Որքանով որ տեսնում եմ՝ հասարակությանը ճշմարտությունը չի հետաքրքրում։ Ձեզ սենսացիան է հետաքրքրում։ Ճշմարտությունն այն է, որ «մոբ» հավաքեցին ու տարան առաջին գիծ, իսկ «մոբ»-ում ընդգրկվողն ամեն տարի պետք է հավաքվի, զինվորի դեմ էլ մինչեւ քրեական գործ հարուցելը պետք է հարցնել՝ ծառայության ժամանակ քանի՞ անգամ է եղել կրակայինում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով 2020թ․-ի պատերազմում հայկական կողմի պարտության պատճառներին։

«Ես դեմ եղել դրան եւ դեռեւս պատերազմից 15 օր առաջ եմ ներկայացրել, որ «մոբ»-ը պետք է առանձին միավոր դառնա, ոչ թե համալրի։ Համոզվեցինք, որ համալրելը սխալ էր, որովհետեւ զորամասի սպաներն ընդունակ չեն այդքան մարդ ընդունել եւ կառավարել։ Բացի դա, զինվորներն ասում են՝ թուրք չենք տեսել, աշխատել են ԱԹՍ-ներն ու հրետանին։ Ես դեռ 2013թ․-ից եմ ասել, որ սա է լինելու մեր վիճակը, եթե այդպես շարունակվեր։ Ասացին՝ «չէ, մենք դուխով ենք, օդում հրթիռ ենք բռնում»։ Ասացի՝ դե բռնեք, տեսնենք»,-նշեց Սամվել Բաբայանը։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո հարցազրույցներ տվող գեներալները, ինչպես նաեւ՝ հետախուզության պետերը ժամանակին զեկույցներ են ներկայացրել հակառակորդի ունեցածի մասին, եւ հարց է առաջանում՝ այդ ամենի դեմ որոշումներ կայացրե՞լ են գլխավոր շտաբն ու նախարարները։ «Երբ ԳՇ պետն ասում է, որ երեք օր հետո հասկացավ, թե մենք պատրաստ չենք, ես առաջարկում եմ՝ թող գրավոր ներկայացնի, թե ինչն է իրեն բերել նրան, որ երրորդ օրը հասկացել է՝ բանակը պատրաստ չէ։ Այս ամենը որ իրար կողք եք հավաքում, պարզ է դառնում մեղավորների ցանկը։ Դա տասը հոգի չէ, դա լուրջ ցանկ է։ Հիմա գոռում գոչում են, որ իրենք փրկվեն»,-հավելեց Սամվել Բաբայանը։

Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարությամբ մատնանշել էր, որ պետք է ընտրություն կատարեին շատ վատի եւ ողբերգության միջեւ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930