Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն` պարզելու, թե ինչու Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը չի մասնակցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ապրիլի 1-ի նիստին, որը չէր կայացել քվեակազմի բացակայության պատճառով, քանի որ 32 անդամներից ներկա էին 14-ը:
Արթուր Մարտիրոսյանի օգնական Լիլիթ Մարգարյանը փոխնախարարի խնդրանքով բանավոր փոխանցեց, որ նիստին չմասնակցելու բովանդակային որեւէ խնդիր չի եղել, պատճառը զուտ աշխատանքային ծանրաբեռնվածությունն էր ու խիստ ծանր գրաֆիկը:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջադրված անդամները չէին ներկայացել, եւ նրանց թվում էին ԿԳՄՍ նախարարի երկու տեղակալները, Գիտության կոմիտեի նախագահը, ԿԳՄՍ նախարարի խորհրդականը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը, «Հայաստանի» հիմնադրամի նախագահը եւ այլք: Այս վերաբերմունքը քննադատության էր արժանացել համալսարանականների կողմից:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը եւս Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստին իր բացակայությունը պատճառաբանել էր աշխատանքային զբաղվածությամբ:
Կարդացեք նաև
Մինչդեռ երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 16 անդամներից 11-ը դիմում են գրել դադարեցնելու իրենց անդամակցությունը, որոնց թվում են նաեւ ԿԳՄՍ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանն ու Արթուր Մարտիրոսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արթուր Մարտիրոսյանի լուսանկարը` ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից