Վաղվանից Հայաստանում կսկսվի «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումը, մեկ-երկու օրից՝ «Սպուտնիկ Վ»-պատվաստանյութով պատվաստումը, արդեն առանձին ամբուլատորիաներում եւ պոլիկլինիկաներում կան պատվաստվելու համար հերթագրված քաղաքացիներ։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն էլ նշեց, որ թեժ գծով եւ օպերատիվ զանգերի միջոցով եւս կան հերթագրվածներ, ուրբաթ օրվա տվյալներով նրանք մոտ 600 են։
Բանախոսներն ասացին, որ հերթագրում են պատվաստելու համար, այլ ոչ թե կոնկրետ պատվաստանյութի, եւ եթե քաղաքացին ցանկանում է հենց «Սպուտնիկ Վ»-ով պատվաստվել, բայց օրինակ նա չի մտնում այդ պատվաստանյութով պատվաստվելու նախարարության սահմանած խմբում, ապա նրան հերթագրում են, եւ երբ կլինի հնարավորություն՝ այդ անձանց հետ կապ կհաստատեն, եւ կհրավիրեն պատվաստվելու․ «Մենք սպասում ենք «Սպուտնիկ Վ»-ի ավելի մեծ խմբաքանակի ձեռք բերելուն։ Բայց այս պահին պատվաստման նպատակն է զերծ պահել ռիսկի խմբի քաղաքացիներին հիվանդանալուց եւ ծանր ընթացքով տանելուց, ինչն ապահովում է նաեւ «ԱստրաԶենեկա»-ի պատվաստանյութը»։
Նախարարն ասաց, որ աշխարհում 190 միլիոնից ավելի քաղաքացիներ են պատվաստվել «ԱստրաԶենեկա»-ով եւ այդ թվի մեջ արձանագրված կողմնակի ազդեցությունները մի քանի տասնյակ դեպքեր են։ Պետք է հասկանալ, որ բոլոր դեղամիջոցներն ու այդ թվում՝ պատվաստանյութերն ունեն կողմնակի ազդեցություն»։
Կարդացեք նաև
Բանախոսներն ասացին, որ ժամկետային զինծառայողները ռիսկի խմբում չեն եւ չի նախատեսվում նրանց պատվաստել։
Ասուլիսի մասնակից Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն էլ տեղեկացրեց՝ Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը․ «Եվ չի բացառվում, որ մեր բնակիչներից եւ պացիենտներից շատերը ունեն կլինիկական ախտանշաններ, որոնք պայմանավորված են հենց բրիտանական շտամով։ Կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի արագ է տարածվում, դրա վերարտադրողականությունը 36%-ով ավելի բարձր է։ Կլինիկական դրսեւորումները դեռեւս հետազոտվում են»։
Արդյոք վարակված անձին կարելի՞ է պատվաստվել․ Գայանե Սահակյանը նշեց՝ հնարավոր է անձը կորոնավիրուսի թեստ հանձնի առավոտյան, եւ պատասխանը բացասական լինի, ապա երեկոյան հանձնի՝ լինի դրական․ «Դրական պատասխանով պատվաստվելուց հետո անձի վիճակը ոչ կխորանա, ոչ էլ առողջության վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն կառաջանա։ Սա բուժաշխատողները կզգուշացնեն, որովհետեւ անձի մոտ կլինիկական ախտանշաններ եթե ի հայտ գան, անձը հստակ կիմանա՝ թե դա պատվաստվաստմա՞ն հետ է կապված, թե՞ հնարավոր է գաղտնի շրջանում է եղել, ու հիվանդությունը դրսեւորվել է պատվաստումից հետո»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ