Լրահոս
Օրվա լրահոսը

Ոնց է թուրքական լոլիկը մտնում Հայաստան՝ արգելքից հետո, Թուրքիայից որ բրենդային հագուստներն են թույլ տալիս, որ ներմուծեն. Քննարկում՝ ԱԺ-ում

Ապրիլ 12,2021 15:29

Թուրքիայից, Իրանից լոլիկ, պղպեղ է ներմուծվում Հայաստան, իսկ մեր ջերմոցատերերը բողոքում են՝ գազը թանկ է, հավասար մրցակցային պայմաններում չեն: Այսօր էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում այս հարցն ուղղեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը:

Վարոս Սիմոնյան

Փոխնախարարը վստահեցրեց, որ Թուրքիայից որեւէ գյուղատնտեսական արտադրանք չի ներմուծվում Հայաստան հունվարի 1-ից սկսած, Իրանից ներմուծվել է: Նա ասաց, որ իրոք ձմեռը սաստիկ է եղել ու ծախսեր են առաջացել մեր գյուղատնտեսների համար. «Այն ապրանքատեսակները, որոնք ներմուծվում են Իրանից, մեր ՊԵԿ գործընկերները հաշվարկներ են անում ու մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացնում, որ մեր տեղական արտադրությունը չի տուժում, ավելի շատ շահեկան վիճակում է գտնվում: Այո, ապրանքի գինը թանկացել է, բայց ներմուծվող ապրանքների մաքսը բարձր է: Մենք պաշտպանում ենք տեղական արտադրողին: Մաքսիմում 20-30 օր կարող է նման պրոցես լինի, թանկ ապրանքը վերջին ամիսներին ստացված ապրանք է, չկա այլեւս գազի ծախս, գնային առումով ավելի մրցունակ կլինի հիմա ու ավելի գրավիչ»:

Անդրեասյանը կասկած հայտնեց, որ Թուրքիայից գյուղատնտեսական ապրանք չի գալիս, ասաց՝ Արմավիրի մարզում մարդիկ ասում են՝ լոլիկ գալիս է: Փոխնախարարը պատասխանեց, որ երբ 2020-ի հոկտեմբերի 20-ին որոշում է ընդունվել, 2350 ապրանքատեսակի մուտք ավտոմատ փակվել է, այն պարագայում, երբ ՀՀ ներմուծվում էր մոտ 2900 ապրանքատեսակ: Փետրվարին որոշ կոդեր են ավելացել, որովհետեւ անցումային ժամանակաշրջանը, որը տրված էր տնտեսվարողներին, որ այլընտրանքային շուկաներից բերեն, չէին կարողացել, լոգիստիկ ծախսեր էին եղել. «Սահմանվել են նոր ռեժիմներ, ավելացվել է ցանկը»: Մասնավորապես, նա նշեց, որ բացառություն են արել հայտնի բրենդային ընկերությունների համար, որոնց գլխամասերը եվրոպական երկրներում են, օրինակ, Max Mara, Tommy Hilfiger եւ այլն: Նրանք իրենց պատվերները տալիս են հաջորդ տարվա համար:

Ինչ վերաբերում է լոլիկին, Վարոս Սիմոնյանն ասաց. «Կոնկրետ արգելափակում դրված է՝ թուրքական ծագում ունեցող: Եթե Վրաստանից գա ու վրան գրված չլինի՝ թուրքական, հանցագործություն է»:

Միքայել Մելքումյան

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հորդորեց պարզ ասել՝ հումքի ներմուծումը չի արգելվում ու եթե մեր տոմատի գործարանը այդ լոլիկը փորձի ներմուծել որպես հումք՝ այդտեղ արգելանք չկա, մեր հանրությունը պետք է իմանա սրա մասին. «Մենք արդեն 15 տարի եւ ավելի Թուրքիայի հետ ունենք մոտ 300 մլն դոլարի ներմուծում: Ընդամենը 2-3 մլն դոլարի արտահանել ենք: Ինչ վերաբերում է Վրաստանին, Հայաստանը Վրաստանի հետ ունի Ազատ առեւտրի համաձայնագիր, բերում են թուրքական ապրանքը Վրաստան, փաթեթավորում են եւ ուղարկում»:

Փոխնախարարը պատասխանեց. «Մենք գրել ենք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքներ, երբ որ մեր հիմնական գործիքակազմը ծագումով ենք կարգավորում: Կոդերը ապրանքատեսակների դրված է, որ դրանք արգելված են՝ ՀՀ ներմուծելու համար: Հաշվի առնելով, որ նույն ապրանքատեսակները մտնում են նաեւ ԵԱՏՄ, խնդրել ենք ԵԱՏՄ մեր գործընկերներին, որ այդ ցանկով ապրանքատեսակները թույլ չտան, որ մտնի ՀՀ: Հենց ապրանքատեսակը հատեց, ունի իր կոդը, կարմիր լույսի տակ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930