Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Սերբիայի հետ համաձայնագիր է կնքում, Մելքումյանը զգուշացնում է՝ լուր կա՝ Սերբիան պատերազմի օրերին զենք է մատակարարել Ադրբեջանին

Ապրիլ 12,2021 15:12

ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի վավերացման մասին հարցն էր այսօր քննարկվում ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում:

Վարոս Սիմոնյան

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը համաձայնագիրը ներկայացնելիս ասաց, որ սրանով ԵԱՏՄ անդամները շուկայում ավելի պաշտպանված կլինեն, արտահանման առավելություններ կլինեն՝ սերբական շուկա մուտք գործելիս:

Ալկոհոլային արտադրանքի մասով ԵԱՏՄ անդամների կողմից Սերբիային տրամադրվում է անմաքս սակագնային քվոտա որոշակի չափաբաժնով, ծխախոտի արտադրանքի մասով տրամադրվում է տարեկան մինչեւ 2 մլրդ հատիկ ծավալով անմաքս քվոտա: Փոխնախարարը վստահեցրեց, որ որեւէ վնաս մեր տեղական ծխախոտ արտադրողները չեն ունենա դրանից:

Վահե Հովհաննիսյանը հարցրեց, թե այս պահին Սերբիայի եւ ՀՀ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն ինչ ծավալի է եւ համաձայնագրի կնքումից հետո ի՞նչ աճ են ակնկալում՝ փոխնախարարը պատասխանեց, որ թվերը չգիտի, բայց փոքր է այս պահին, Սերբիան ՀՀ-ի համար չի եղել արտահանման հիմնական շուկա. «Այս համաձայնագրի նպատակն է, որ 3 երկիր ունեն ազատ առեւտրի այդ համաձայնագիրը Սերբիայի հետ եւ Հայաստանը, Ղրղըզստանը չունեն, դիսբալանս է եղել: Մեր արտադրողները անհավասար պայմաններ ունեին ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի նկատմամբ»:

Միքայել Մելքումյան

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց. «Տեղեկատվություն եմ ստացել, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի կեսերին, Սերբիան Ադրբեջանին մատակարարել է վառոդ եւ նմանատիպ բաներ, օդը կազմակերպել են, որ փակվի: Եթե նույնիսկ հարակից երկրից ՀՀ իքս ծավալի զենք է գալիս, այնտեղ գալիս է 5X, մեզ պետք է, որ փակենք օդը ու չգա: Դուք տեղեկատվություն չունե՞ք, որ Սերբիան Ադրբեջանին զենք է մատակարարել: Էլի համաձայնագիրը վավերացնենք, բայց հասկանանք, որ մի երկու տարի չենք վավերացրել, ի՞նչ է դուրս եկել դրանից»:

Փոխնախարարը պատասխանեց. «Մենք կնքել ենք համաձայնագիրը՝ բալանսը ապահովելու եւ հետագա ակնկալիքների համար: Եթե չկնքենք, մաքսատուրքի չափով մրցակցային առավելություն կունենան մյուս երկրները: Ժամանակի ընթացքում այսպես մեր ապրանքաշրջանառությունը կբարձրանա: Զրոյացնում ենք մաքսատուրքերը եւ ստանում համանման զրոյացված մաքսատուրք»: Ինչ վերաբերում է զենքի մատակարարմանը, նա ասաց, որ չունի նման տեղեկատվություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930