Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում հողի կադաստրային արժեքը թանկացել է ավելի քան 5 անգամ

Ապրիլ 12,2021 15:03

Շուրջ 10 տարի Հայաստանում հողի կադաստրային արժեքն ըստ գոտիականության եղել է անփոփոխ: Սակայն նախորդ տարվա հունիսին կառավարությունը ընդունեց նոր որոշում, համաձայն որի՝ հանրապետության կադաստրային արժեքների տարածագնահատման գոտիները փոփոխվել են՝ ե՛ւ գումարային արժեքով, ե՛ւ սահմանային:

Որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից. «Եթե օրինակ Վանաձոր համայնքը նախկինում ուներ 3 գոտի՝ 7-րդ, 8-րդ եւ 9-րդ, հիմա արդեն ունի 6 գոտի: Գոտիներն ավելի մանրացվել են: Իսկ գումարային արժեքով թանկացել է: Եթե նախկինում քաղաքի կենտրոնում հողի արժեքը 1 քառ. մ 4.524 դրամ էր, հիմա դարձել է 24.889 դրամ»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:

Գոտիավորման հաշվարկը սկսվում է հանրապետության հրապարակից: Բարձրացվել է բազային գինը, որի հիման վրա ըստ գոտիների թանկացել են հողամասերի կադաստրային արժեքները: Աբովյանի խոսքով՝ կառավարությունը գոտիականությունն ու արժեքները փոխելիս հաշվի է առել կատարված ուսումնասիրությունների արդյունքները. «Մի քանի տարի ուսումնասիրել են հողի շուկայական արժեքը, որ նախկինում խիստ տարբեր էր կադաստրային արժեքից: Եվ մոտարկված մոտեցրել են շուկայականին: Գոտիականության սահմանները փողոցներով է տարանջատված եւ կապ չունի հողի նպատակային նշանակությունը արտադրական է, բնակելի, թե այլ: Բոլորի համար արժեքը նույնն է: Բացառություն են գյուղատնտեսական հողերը, եւ որքանով ես եմ տեղյակ՝ այդ հողերն էժան գործակցով են օտարվում, քան մնացածը: Վանաձորը գյուղատնտեսական հողեր չունի»:

Ճարտարապետն ասում է, որ Վանաձորում ամենաթանկը գնահատվում է 7-րդ գոտին, կադաստրային արժեքը՝ 24.889 դրամ է, 8-րդ գոտին՝ 16.176 դրամ, 9-րդ գոտին՝ 10.513 դրամ, 10-րդը՝ 6.834 դրամ, 11-րդ գոտին՝ 4.441 եւ 12-րդ գոտու կադաստրային արժեքը կազմում է՝ 2.887 դրամ. «Կենտրոնում համայնքային նշանակության հողերն ավելի քիչ են, քան ծայրամասերում: Հետեւաբար աշխուժությունը ծայրամասերում ավելին է: Թանկանալու հետ դիմումների քանակի չի փոխվել, գրեթե նույնն է մնացել, մարդիկ դիմում են»,- խոսքը եզրափակեց Աբովյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Սուրեն Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930