Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն եւ ՍԱԾ-ն առանց զգուշացնելու ստուգումներ են իրականացնելու. Գեղամ Գեւորգյան

Ապրիլ 12,2021 14:40

«Մենք չենք կարող ձու ներմուծել, արտադրել, մենք կարող ենք միայն վերահսկել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների վարքագիծը, որի հետ կապված էլ հանձնաժողովը վարույթ է հարուցել դեռեւս մարտի վերջին օրերին, որովհետեւ նման խնդիրներ տեսել ենք: Չէինք կարող ավելի շուտ հարուցել, քանի որ խնդիր չկար»,-այսօր անդրադառնալով հավի ձվի շուկայում արձանագրված թանկացումներին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նրա խոսքով, վարույթի ընթացքում լրացուցիչ հայտարարություն չի անի, որպեսզի չխոչընդոտի վարույթի ընթացքին. «Դրանից հետո բոլոր հարցերի պատասխանները կտանք, հիմա ակտիվ աշխատում ենք, վերահսկում ենք նաեւ հետտոնական վիճակը ձվի շուկայում՝ արդյոք տոներից հետո ձվի էական գնանկում եղա՞վ կամ ձուն բավարա՞ր է, թե՞ չէ»:

Գեղամ Գեւորգյանը հիշեցրեց, որ 2019 թվականի վերջին ՏՄՊՊՀ-ն վարչական տույժի էր ենթարկել ձվի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին, որը սակայն, այս պահին բողոքարկվում է դատարանում:

ՏՄՊՊՀ նախագահը նաեւ հայտնեց, որ տնտեսվարողների հետ կազմակերպված հերթական քննարկման նպատակն է բացառել կաթնամթերքի շուկայում հնարավոր անբարեխիղճ մրցակցությունը։ Ասաց, որ մշտադիտարկում են իրականացնում, այս պահին գների էական բարձրացումներ չկան. «Չկա մի ընկերություն կաթնամթերքի շուկայում, որ ունի գերիշխող դիրք: Դա մեր դաշտում չի գտնվում, քանի որ կաթնամթերք արտադրողների քանակը բավականին մեծ է եւ կենտրոնացվածության շեմը էական նվազ է եւ այստեղ մրցակցություն է տեղի ունենում: Կան տասնյակ ընկերություններ եւ չկա մեկը, որը շուկայում ունի գերիշխող դիրք: Դաշտը մրցակցային է եւ գները ձեւավորվում են մրցակցության սկզբունքով, շուկայի կանոններին համապատասխան»:

Գեղամ Գեւորգյանի խոսքով, կարեւոր է ապրանքների ճիշտ մակնշումը, որպեսզի սպառողն իրեն խաբված չզգա եւ հավաստիացրեց, որ համապատասխան աշխատանքներ են տարել սուպերմարկետներում, որտեղ արդեն տարանջատված են բուսական յուղ պարունակող եւ կենդանական յուղով պատրաստված կաթնամթերքները: Ըստ նրա, այս պրակտիկան պետք է ներդրվի նաեւ փոքր խանութներում:

Նա նաեւ հայտնեց, որ «այս պահից սկսած Սննդամթերքի անվտանգության ծառայությունը եւ մեր հանձնաժողովն առանց զգուշացման պարբերական ստուգումներ են իրականացնելու, որպեսզի հայտնաբերեն այդ իրավախախտումները»:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930