«Երբ նախորդ տարի հաշվարկներ էինք անում, եւ որոշում պիտի կայացնեինք «Կովակս ֆասիլիթի»-ի շրջանակային պայմանագիրը կնքելու համար, մեր նախնական կանխորոշումն այն էր, որ մեր բնակչության առնվազն 10%-ի համար այս հարթակի միջոցով պիտի հնարավորություն ունենայինք պատվաստանյութ ձեռք բերելու։ Բայց մենք հիմա նշաձող ենք սահմանել մինչեւ 700 հազար անձի կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնել»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա ասաց, որ նշված թվով քաղաքացիների պատվաստումը կախված կլինի ռիսկի խմբի քաղաքացիների դիմելիությունից եւ ՀՀ-ի կողմից վարվող բանակցությունների արդյունքներից՝ ինչ գնով եւ ինչ պայմաններով հնարավոր կլինի առաջիկայում ապահովել պատվաստանյութերը․ «Եվ պետք է դիտարկենք ռիսկի խմբերի ընդլայնումն ու ավելի շատ քաղաքացիներին պատվաստելու հարցը»։
Նախարարն ասաց, որ այս պահին պատվաստանյութերի բաշխման գործընթացն է իրականացվում․ «Վաղվանից կսկսվի «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումը, մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ «Սպուտնիկ Վ»-ովը»։
Պատվաստումը կամավոր է եւ այն կիրականացվի ըստ դիմելիության, եւ ինչպես ասաց տիկին Ավանեսյանը, տեղամասային բժիշկները պետք է տեղեկացնեն իրենց կցագրված քաղաքացիներին, եւ պատվաստումները կիրականացվեն ըստ հերթագրման առաջնահերթության։
Հիշեցնենք, առողջապահության նախարարությունը սահմանել է տարիքային խմբեր «Սպուտնիկ Վ»-ի եւ «ԱստրաԶենեկա»-ի պատվաստանյութերը կիրառելու համար։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ