Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. Մրցակցության հանձնաժողովը մոլորեցնում է հանրությանը, իրականում կաթնամթերքի գները բարձրացել են

Ապրիլ 12,2021 14:20

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահը հայտարարեց, որ կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացում չկա, և իրենց ուսումնասիրությունների դաշտից դուրս է, քանի որ այստեղ գործում են բազմաթիվ տնտեսվարողներ, և համակենտրոնացման մակարդակը բարձր չէ։

Ուշագրավ է, որ մրցակցության հանձնաժողովը, որը կոչված է պայքարել հանրությանը մոլորեցնողների դեմ, հենց ինքն է փորձում մոլորեցնել։

Մասնավորապես՝

1․ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անարատ կաթի գինը բարձրացել է +1,6%, կաթ պահածոյացված՝ +5,2%, յոգուրտ, մածուն՝ +3,7%, պանիր և կաթնաշոռ՝ +1,5%, այլ կաթնամթերք՝ +4,5%, յուղեր և ճարպեր՝ +24,6%, կարագ՝ +6,9%, մարգարին և բուսական յուղեր՝ +4,9։ Սա այն դեպքում, երբ միջին անվանական աշխատավարձն աճել է ընդամենը +0,8 տոկոս, կամ գրեթե չի աճել։

2․Կաթնամթերքի շուկայի առանձին ապրանքախմբերում, օրինակ՝ կարագի, թթվասերի և այլն, գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, որոնք վերահսկում են ոչ միայն մեծածախ, այլ նաև մանրածախ շուկաները։

Տպավորություն է ստեղծվում, որ Հանձնաժողովի նախագահը չի կարդացել (կամ տեղյակ չէ) 2020 թվականի փետրվարի 1-ին հրապարակված ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը, ըստ որի՝ կարագի ներմուծման դեպքում 3 կազմակերպություններին բաժին է ընկնում շուկայի 66%-ը, և համարվում են գերիշխող դիրք ունեցող (մենաշնորհ)։ Ընդ որում՝ հանրությանը հայտնի օլիգարխին պատկանող «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն թիվ մեկ ներկրողն է, այսինքն՝ կարագի գնի 6,9 տոկոս բարձրացման համար թիվ մեկ բացատրություն տվողն և պատասխանատուն հենց այդ ընկերությունն է։

Հ․Գ․ Մոտ օրերս առավել մանրամասն կանդրադառնանք կաթնամթերքի շուկային և առկա խնդիրներին։ Մինչ այդ, գործող իշխանություններին սիրաշահելու փոխարեն ձեր գործով զբաղվեք։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930