Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն բանն է, ինչ ինձանից կոսմոսից հարցնեք». Սանդիկովը՝ գերիների վերադարձի մասին տեղեկություն չունի, բայց վստահ է՝ Փաշինյանը կվերադարձնի

Ապրիլ 12,2021 14:08

Գերիների վերադարձի կեղծ լուրի առնչությամբ Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարել էր, որ իշխանությունները թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՌԴ-ն միջնորդական դեր է ստանձնել այս հակամարտության կարգավորման փուլում եւ գերիների վերադարձը երկու պետությունների ղեկավարների հանդիպման ամենակարեւոր օրակարգային հարցերից էր. «Ադրբեջանական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, իր տեսլականով մեկնաբանություններ է տալիս, թե գերիներ չեն, դիվերսանտներ են: Դա խանգարում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի բոլոր կետերի, հատկապես՝ գերիների, պատանդների մասով անհապաղ վերադարձի կետի կատարմանը»:

Ինչ վերաբերում է իշխանական թեւից կեղծ ակնկալիքներ ձեւավորելուն, թե գերիներ են վերադառնալու՝ Սանդիկովն ասաց, որ ներգրաված չէ այդ աշխատանքներում ու չի կարող դրդապատճառների մասին ասել:

Նա ասաց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն էլ ուզում են օր առաջ գերիների վերադարձ, ու այդ հուզական ֆոնը, բոլորիս համար տհաճ իրավիճակը, որը ստեղծվեց, այս հուսախաբ մթնոլորտը չի նվազեցնում հույսը, որ կվերադառնան գերիները. «Տեղեկատվական դաշտում այս շահարկումները, գնդակը այս դաշտից այն դաշտ գցելով՝ արհեստական օրակարգ ենք ստեղծում՝ չմտածելով, որ մեր համաքաղաքացիների հույզերի հետ ենք խաղում»: Դիտարկմանը, որ իշխանական դաշտից են գալիս այդ օրակարգերը՝ Սանդիկովը պատասխանեց, որ առհասարակ քաղաքական դաշտում է առկա. «Լրացուցիչ հուզական ֆոն ենք ապահովում առանց այդ էլ բարդ հարցի կարգավորմանը»:

Հարցին՝ Փաշինյանը ձեր կարծիքով ի վիճակի լինելո՞ւ է, կարողանալո՞ւ է վերադարձնել, թե անզոր է այստեղ՝ նա պատասխանեց. «Իմ կարծիքով ի վիճակի է, որովհետեւ այստեղ խոսքը ոչ թե մեկ անձի մասին է, այլ՝ պետության: Դա մեր պետության գերակա շահն է, գտնում եմ, որ պետության ղեկավարը անում է, ուզում եւ պարտավոր է այդ խնդիրը լուծել»:

Հարցին՝ ի՞նչ է անում իշխանությունը, որ ցույց տա, օրինակ, եռակողմ համաձայնագրի ընդունումից հետո Շիրակի մարզից գերեվարված այն խումբը դիվերսանտներ չեն, հնարավո՞ր է Ադրբեջանը մեզանից նոր զիջումներ է փորձում կորզել՝ գերիների վերադարձի համար՝ Սանդիկովը պատասխանեց. «Ես նախընտրում եմ խոսել այն թեմաներից, որոնց մասին տեղեկություն ունեմ, նույն բանն է, ինչ ինձանից կոսմոսից հարցնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930