Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (International Animal Rescue)՝ բարձր գնահատելով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերն ու գրանցած հաջողությունները գորշ արջերի փրկության, ինչպես նաև նրանց վերականգնման ու բարեկեցության ապահովման գործում, մրցանակ է շնորհել Հիմնադրամին՝ «Environment and Conservation Award 2020» անվանակարգում։ Մրցանակը, իրավիճակով պայմանավորված, FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանին է հանձնվել վերջերս՝ 2021թ.-ին:
«FPWC ամբողջ թիմը խորին շնորհակալություն է հայտնում IAR-ի գաղափարակից գործընկերներին բարձր գնահատականի համար և պատրաստակամ է շարունակելու կենդանիների բարեկեցության ապահովմանն ուղղված իր աշխատանքները բոլոր հարթակներում՝ Հայաստանում խնդրի արմատական լուծման նպատակով»,- ասել է FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Արջերի փրկության ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների ջանքերով ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել են շուրջ 35 արջեր, ինչպես նաև ստեղծվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ փրկված կենդանիները ապրում են պատշաճ սննդակարգով ապահովված և մասնագետների խնամքի ներքո։ Կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել, իսկ մյուս երեք գորշ արջերը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել, գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են:
Վերջիններս 2020թ.-ի գարնանը ռեստորանային համալիրից փրկված արջերն են, որոնք դեռ չեն վերականգնել իրենց վայրի արջերին բնորոշ բնազդները։
Կարդացեք նաև
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ