Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունը սահմանել է տարիքային խմբեր «Սպուտնիկ Վ»-ի եւ «ԱստրաԶենեկա»-ի պատվաստանյութերը կիրառելու համար

Ապրիլ 12,2021 13:45

ՌԴ-ի հեռ կնքված պայմանագրի արդյունքում Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի «Սպուտնիկ Վ»-ի  15 հազար դեղաչափ՝ 7500 քաղաքացու համար, պայմանագրերի կնքումը շարունակական է լինելու։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Չինաստանի կառավարության հետ նախնական համաձայնությամբ Հայաստանին դոնորության շրջանակներում տրամադրվելիք պատվաստանյութը առաջիկայում եւս կժամանի Հայաստան․ «Ունենալու ենք պատվաստանյութերի մի շարք տարբերակներ»։

Նախարարության մասնագիտական խորհուրդը նախորդ շաբաթ որոշում է կայացրել, թե որ պատվաստանյութերը որ տարիքային խմբի համար են կիրառելու։

Բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա»-ի պատվաստանյութի կիրառումից հետո որոշ երկրների մի քանի տասնյակ քաղաքացիների մոտ կողմնակի ազդեցություն էր առաջացել, ու միջազգային կազմակերպությունները դրա կիրառման համար որոշակի փոփոխություններ սահմանեցին, տարիքային շեմը փոփոխեցին, միաժամանակ նշելով՝ պատվաստանյութի կիրառման արդյունավետությունն ավելի բարձր է, քան կողմնակի ազդեցությունը։

Նախարարն ասաց, որ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի օգտագործման ցուցումներում որոշակի փոփոխություններ են կատարվել եւ լրացուցիչ ապահովության եւ անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում․ «Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք մասնագիտական կառույցների եզրակացություններն ու որոշում կայացրել, «ԱստրաԶենեկա»-ի պատվաստման համար տարիքային շեմը 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար կլինի»։

Եվ ըստ այդմ, «ԱստրաԶենեկա»-ի պատվաստանյութը կկիրառվի՝

ռիսկի խումբ՝ 65 եւ բարձր տարիքի քաղաքացիներ,

բուժաշխատողներ՝ 55 տարեկանից բարձր,

խրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկանից բարձր,

սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներ եւ աշխատողներ՝ 55 տարեկանից բարձր։

«Սպուտնիկ Վ»-ի պատվաստանյութի կիրառման խմբեր՝

բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան,

խրոնիկ հիվանդներ՝ մինչեւ 54 տարեկան ,

սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներ եւ աշխատողներ՝ մինչեւ 54 տարեկան։

«Այս ցուցումները ժամանակի ընթացքում կվերանայվեն, երբ նոր խմբաքանակներ ունենանք եւ 65-ից բարձր տարիքի քաղաքացիները եւս կպատվաստվեն «Սպուտնիկ Վ»-ով։ Նման բաժանման նպատակն է՝ որպեսզի բուժաշխատողների համար լինի հստակ եւ հասկանալի չափորոշիչներ եւ չլինեն տարընկալումներ, թե ում որ պատվաստանյութը պիտի ներարկեն։ Ինչպես նաեւ հնարավորինս շատ անձանց պատվաստեն, եւ հնարավորություն տան հիվանդանալուց զերծ մնալու, իսկ հիվանդանալու դեպքում՝ թեթեւ ընթացքով տանելու համար նման քաղաքականություն են սահմանել։ Այս համամասնությունը կիրառվելու է առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930