«ԲՀԿ-ն ունեցել է բարդ ու հետաքրքիր հետագիծ քաղաքական դաշտում: ՀՀ-ում 30 տարիների ընթացքում խորհրդարանական ընտրություններում երբեք արկղի մեջ թուղթ գցելով իշխանություն չի փոխվել: 98-ին իշխանության մի մասի պահանջով Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել: Հետո 10-ական տարի երկրորդ եւ երրորդ նախագահները պաշտոնավարել են, 2018-ին հանրային ճնշման տակ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նոր գործադիր իշխանությունը առանց թուղթ գցելու կայացել է: Մենք հիմա առաջին անգամ շանս ունենք պառլամենտական ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա ասաց, որ այնպիսի ընտրություն պետք է կազմակերպվի, որ քվեաթերթիկով իշխանություն փոխվի. «50+1 ոչ մի ուժ չի հավաքի: Հաշվի առնելով, որ մենք 15 տարի է՝ խորհրդարանում ենք, երկրորդ քաղաքական ուժն ենք, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու: Մենք միայնակ ենք մասնակցելու, գալիս ենք հաղթելու եւ Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա հստակ պետության ղեկավար»:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանին բանակցողի դերում ո՞նց եք պատկերացնում՝ նա պատասխանեց, որ Ծառուկյանը ունի բարձր հեղինակություն ե՛ւ ԵԱՏՄ-ում, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Չինաստանում, ուստի նորմալ պատկերացնում է:
Նա ասաց, որ Ծառուկյանը հայտ է ներկայացնում՝ դառնալու վարչապետ, որովհետեւ ինքը հաջողակ մարդ է. «Մի տարրական բան եմ ասում՝ սպորտը քանդված վիճակում էր, հենց որ Գագիկ Ծառուկյանը ձեռքը դրեց սպորտի վրա, այդ ոլորտում մենք արձանագրեցինք հաջողություններ»: Դիտարկմանը, որ ախր Արցախը սպորտ չէ, էլի, բիզնես կառավարել չէ՝ Մելքումյանը պատասխանեց. «Եղածները որ գիտեին, ի՞նչ արեցին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ