Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք պաշտպանված չէ, քանի դեռ պաշտպանված չեն բոլո՛րը. իրականացնել ռազմավարություն, որը պատվաստումների հասանելիության արդարացի հնարավորություն կստեղծի. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն

Ապրիլ 12,2021 12:04

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարությունը

«Մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում ամբողջ աշխարհում գիտնականները, ձեռնարկությունները, կառավարությունները, բարերարներն ու բազմանդամ կառույցները միավորվեցին և արեցին անհնարինը. ռեկորդային ժամկետում փորձարկվեց, առաքվեց և մեկնարկեց պատվաստումների անվտանգ իրականացման գործընթացը: Այս ամենը հիացմունքի է արժանի, բայց պայքարը դեռ չի ավարտվել: Աշխարհով մեկ ի հայտ են գալիս վիրուսի տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրը զանգվածային գլոբալ հետընթացի վտանգ է պարունակում:

Պատվաստանյութերի ներկայիս քանակը չի կարող լիովին բավարարել պահանջարկը: Առավել ևս, երբ հասանելի խմբաքանակը կենտրոնացած է քչերի ձեռքում: Որոշ երկրներ իրենց բնակչությանը մի քանի անգամ պատվաստելու համար բավարար չափաբաժիններ են ձեռք բերել, մյուսներն՝ անգամ առաջին չափաբաժինը դեռ չեն ստացել: Սա վտանգում է բոլորիս: Վիրուսը և դրա մուտացիաները կհաղթեն:

Վարակից առաջ անցնելու և շարժը նվազեցնելու համար, հիմնվելով առաջնագծում աշխատողների պատվաստման ռազմավարության վրա, պետք է մշակենք և իրականացնենք այնպիսի ռազմավարություն, որն, իսկապես, պատվաստումների հասանելիության արդարացի հնարավորություն կստեղծի: Հորդորում ենք կառավարություններին, մասնավոր հատվածին և գործընկերներին երեք հրատապ քայլ կատարել:

Նախ` պարզեցրեք մտավոր սեփականության գործընթացը՝ հեղինակների կողմից նախապես կամավոր լիցենզավորման միջոցով: Բայց միայն դրանով գործընթացը չի արագանա: Ի տարբերություն դեղորայքի, պատվաստանյութերի արտադրությունը բարդ գործընթաց է, որն ունի բազմաթիվ բաղադրիչներ և ուղեկցվում է միաժամանակյա քայլերով: Մտավոր սեփականության իրավատերերը հեղինակային իրավունքին զուգահեռ պետք է նաև տեխնոլոգիական համագործակցություն ցուցաբերեն, ինչպես նաև տրամադրեն առկա գիտելիքն ու առանց աշխարհագրական կամ ծավալային անհարկի սահմանափակումների ենթապայմանագրերի
հնարավորություն: Այս մարտահրավերը պահանջում է ոչ թե հեղինակային իրավունքից հարկադիր հրաժարում, այլ նախաձեռնողական գործընկերություն և համագործակցություն: Արտադրական վերջին գործընկերությունները, ինչպիսիք են Pfizer-BioNtech-ը, AZ-SII, J&J-Merck և J&J-Aspen-ը հուսադրող օրինակներ են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է մյուսներին հետևել այդ օրինակին՝ մեծացնելու արտադրական կարողությունների ծավալներն ու աշխարհագրական բազմազանությունը:

Թեև շուկաները միայնակ չեն կարող երաշխավորել, որ բոլորը օգտվեն նորարարության ընձեռած հնարավորություններից, կամավոր լիցենզավորումը, համախմբված ֆինանսական միջոցները և բազմանդամ գործակցությունը, ինչպիսին է COVAX-ը, ստեղծողների և արտադրողների համար իրատեսական և արդյունավետ միջոց են համագործակցելու, նորարար մոտեցումներ ցուցաբերելու և խրախուսելու արդարացի հասանելիությունը:

Երկրորդ, պետք է վերջ դնենք պատվաստանյութերի ազգայնականացմանը: Կառավարությունները պետք է վերացնեն արտահանման և ներմուծման վերահսկման ուղղակի և անուղղակի մեխանիզմները, որոնք խոչընդոտում, սահմանափակում կամ դանդաղեցնում են ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի, բաղադրիչների և համապատասխան պարագաների արտահանումը: Վարակները սահմաններ չեն ճանաչում: Յուրաքանչյուր երկրում կորոնավիրուսին պարտության մատնելը նշանակում է հաղթել նրան ամբողջ աշխարհում՝ ապահովելով պատվաստանյութերի մատակարարումների կայուն հոսք բոլորի համար:

Եվ, վերջապես, այն կառավարությունները, որոնք այս տարի պայմանագիր են կնքել ստանալու ավելի շատ «ապագա չափաբաժիններ», քան պահանջվում է այս տարի իրենց ամբողջ չափահաս բնակչության պատվաստման համար, պետք է անհապաղ փոխառություն տրամադրեն, վերադարձնեն կամ նվիրաբերեն պայմանագրով ձեռք բերված ավելցուկային չափաբաժինների մեծ մասը կամ ամբողջը COVAX-ին, որպեսզի դրանք հավասարապես բաշխվեն այլ երկրներ:

Ի լրումն, այն պետությունները, որոնք ունեն արտադրված և մատակարարված չափաբաժինների բավարար քանակ, պետք է մտածեն իրենց հասանելի դարձած չափաբաժինների առնվազն 5 տոկոսն անհապաղ նվիրաբերելու մասին և հանձնառություն ստանձնեն ողջ տարվա ընթացքում մեծացնել իրենց նվիրաբերումների քանակը՝ մատակարարման աճին զուգահեռ: Չափաբաժինները «կիսելու» հանձնառության հավաստումն ավելի կանխատեսելի կդարձնի, կարագացնի արդարացի բաշխումը և կօգնի կայունացնել պատվաստանյութերի համաշխարհային շուկան:

Կորոնավիրուսային համավարակը ցույց տվեց, որ ոչ ոք պաշտպանված չէ, քանի դեռ պաշտպանված չեն բոլո՛րը: Բայց, ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի արդարացի բաշխումը մեր ձեռքում է: Մենք ապացուցել ենք, որ աշխարհը կարող է միավորվել՝ անհնարինն անելու համար, և մենք պետք է դա նորից անենք: Որքան շուտ դա անենք, այնքան շուտ մեր և մեր երեխաների կյանքը բնականոն հուն կվերադառնա»:

Ավելի քան 25 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930