Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթությունը ներդրում է, որը միշտ քեզ հետ է». Էրիկա Քինգը՝ ֆուլբրայթ ծրագրի ու հայ մասնակիցների մասին

Ապրիլ 12,2021 11:20

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է մագիստրոսական կոչում շնորհող երկու ծրագրերի մեկնարկի մասին. մարտի 1-ից ընդունվում են հայտեր Ֆուլբրայթ ուսանողական և Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրերի համար։

Ֆուլբրայթի ծրագրերը հնարավորություն են տալիս ձեռք բերել մագիստրոսի աստիճան՝ մեկ կամ երկու ակադեմիական տարի ուսանելով ամերիկյան համալսարաններում: Ոլորտներն են՝ տնտեսությունը, կրթությունը, միջազգային հարաբերությունները, լրագրությունը, իրավագիտությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, հանրային կառավարումը եւ հանրային առողջապահությունը:

Ինչ վերաբերվում է «Ֆուլբրայթ Հովնանյան» ծրագրին, այն նախատեսված է միայն Հայաստանի համար և աջակցում է ուսումնառությանը՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների, մաթեմատիկայի (STEM) և ձեռներեցության գծով:

Երկու ծրագրերի դեպքում էլ հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021թ. մայիսի 21-ն է:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Էրիկա Քինգը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ծրագրի կարեւորության մասին՝ նշեց, որ Ֆուլբրայթ ծրագիրն իրականացվում է 160 երկրում՝ ներառյալ Հայաստանը: Հիշեցրեց, որ ծրագիրը ձեւավորվել է 1945թ.՝ սենատոր Ֆուլբրայթի նախաձեռնությամբ. «Նպատակն էր զարկ տալ բարի կամքին՝ կրթական փոխանակումների միջոցով, մասնավորապես կրթության, գիտության եւ ճշգրիտ գիտությունների ոլորտներում: Այդ ժամանակվանից ի վեր 390 հազարից ավել մարդ է մասնակցել ծրագրին: Այս տարի էլ ուրախությամբ պատրաստվում ենք նշել Ֆուլբրայթ ծրագրի հիմնադրման 75-ամյակը»:

Էրիկա Քինգի խոսքով, ծրագիրը Հայաստանի համար կարեւոր է նրանով, որ հայ երիտասարդները հնարավորություն են ունենում կրթություն ստանալ Միացյալ Նահանգներում եւ դրան զուգահեռ կապեր, ծանոթություններ հաստատել մարդկանց, մասնագիտական շրջանակների հետ, ինչը էական նշանակություն ունի երկու երկրների երկկողմ հարաբերությունների համատեքստում:

«Կրթությունն իրականացվում է մագիստրոսական մակարդակում, այսինքն` հայ երիտասարդները ԱՄՆ-ում ուսանելով՝ ստանում են մագիստրոսական աստիճան, ինչը նշանակում է, որ կայուն, հիմնավոր գիտելիքներով վերադառնում են հայրենի երկիր եւ համալրում իրենց ոլորտների առաջատար կադրերի շարքերը»,-ընդգծեց նա:

Հետաքրքրվեցինք՝ կա՞ վիճակագրություն, թե Հայաստանից մինչ այժմ քանի հոգի է մասնակցել Ֆուլբրայթ ծրագրին:

«Հայաստանում այս ծրագիրը սկսեցինք 2014թ-ից եւ այդ ժամանակվանից արդեն 32 հոգի մասնակցել է ծրագրին, մասնակցել են՝ թե ընդհանուր Ֆուլբրայթի ուսանողական ծրագրին, թե հատուկ Հայաստանի համար գործող Ֆուլբրայթ-Հովնանյանին: Ուզում եմ նշել, որ Ֆուլբրայթ-Հովնանյանն իրականացվում Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամի հետ համագործակցությամբ, որը ֆինանսավորում է հայ երիտասարդների կրթությունը՝ ճշգրիտ գիտությունների, մաթեմատիկայի, ճարտարագիտության, տեխնոլոգիաների եւ ձեռներեցության ուղղություններով»,-պատասխանեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդը:

Հարցրինք նաեւ՝ ԱՄՆ դեսպանատունը կապ պահպանո՞ւմ է ծրագրի մասնակիցների հետ եւ ինչ հաջողության պատմություններ կան:

«ԱՄՆ դեսպանատունը կապ պահպանում է մեր կրթական ծրագրերի բոլոր շրջանավարտների հետ, մեր ցանցում 5000-ից ավելի կրթական ծրագրերի, այդ թվում նաեւ Ֆուլբրայթի մասնակիցներ են: Մենք ունենք բազմաթիվ հաջողության պատմություններ: Նաեւ ԱՄՆ կառավարության շրջանավարտների հավելված ենք օգտագործում՝ շրջանավարտների հետ կապ պահպանելու համար: Ի դեպ, այդ հավելվածը մշակվել է Հայաստանում:

Հավելեմ, որ ունենք նաեւ որոշակի դրամաշնորհային ծրագրեր, որպեսզի ծրագրի մասնակից շրջանավարտները հայրենիք վերադառնալուց հետո կարողանան այդ դրամաշնորհները ստանալ եւ իրենց գաղափարները Հայաստանում իրականացնել»,-հայտնեց Էրիկա Քինգը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այն թեմային, որ ցանկացած երկրի դիմագիծը կազմում են նրա՝ լավագույն կրթություն ստացած երիտասարդները, եւ գաղտնիք չէ, որ բոլոր խնդիրները հիմնականում հենց կրթության որակով են պայմանավորված լինում:

«Լավ կրթությունը ոչ միայն կոնկրետ անհատի համար է օգտակար, այլեւ դրանից շահում է թե նրա ընտանիքը, ընկերները, շրջապատի մարդիկ, համայնքը, երկիրը: Կրթությունը այն ներդրումն է, որը մեկ անգամ կատարելով՝ միշտ քեզ հետ է մնում: Դրա համար պետք է փորձել ստանալ լավագույն կրթություն: Ի դեպ, միայն ֆորմալ կրթության միջոցով չէ, որ կարեւի է կայանալ որպես մասնագետ: Իհարկե, Ֆուլբրայթի ծրագիրը ֆորմալ կրթություն է ապահովում, բայց կան նաեւ այլ միջոցներ, ինչպես, օրինակ` փորձնակների ծրագրերը, մասնագետների հետ աշխատելով նրանցից սովորելը: Մի խոսքով, ես լավ կրթության մեծ ջատագով եմ»,-նշեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ հավելեց. «Ինչպես արդեն հայտնեցի, այս տարի Ֆուլբրայթի հիմնադրման 75-ամյակն է նշվում, եւ ԱՄՆ-ը ցանկանում է ցույց տալ, որ պատրաստակամ է շարունակել ծրագրի իրականացումը: Սա հեղինակավոր ծրագիր է: Մեր շրջանավարտները միշտ ասում են, որ եթե ինչ-որ առիթով նշում են, որ ծրագրի մասնակից են, դա կարծես միանգամից տպավորություն է թողնում, մարդիկ ցանկանում են ավելին իմանալ նրանց փորձառության մասին»:

Էրիկա Քինգը ծրագրի մասնակիցներից ի թիվս այլոց առանձնացրեց նաեւ հետաքննող լրագրող Անի Հովհաննիսյանին. «Շատ հպարտ ենք նրա ձեռքբերումներով ու պրոֆեսիոնալիզմով: Վերադառնալով Հայաստան՝ Անին շարունակում է աջակցել ծրագրի հետագա ընթացքին, նաեւ վերջին ընտրական հանձնաժողովի կազմում օգնում էր մեզ հաջորդ փուլի մասնակիցներին ընտրել: Մեր շրջանավարտների մոտ շատ եմ գնահատում մեր հետագա ծրագրերին, աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը»:

Ֆուլբրայթի այլ մասնակիցների հաջողության պատմության մասին՝ հաջորդիվ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930