Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող սուտ էմոցիա խաղալ»

Ապրիլ 12,2021 12:00

Հարցազրույց Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի հետ

– Նազիկ, ինչո՞վ էր պայմանավորված դերասանի մասնագիտության ընտրությունը:

– Երբ 9-րդ դասարան էի, որոշել էի ընդունվել Ժուռնալիստիկայի կամ Ռոմանագերմանական ֆակուլտետ, բայց այն ամենը, ինչ կապված է եղել արվեստի հետ, միշտ սիրել եմ ու մի օր, երբ արդեն 10-րդ դասարան էի, որոշեցի, որ պետք է ընդունվեմ թատերական ինստիտուտ:

Թատերական ինստիտուտը փոխեց իմ կյանքը լիովին: Երբ առաջին անգամ մտա թատերական ինստիտուտ, պարզապես հասկանալու համար` ինչ է պետք այնտեղ ընդունվելու համար, հասկացա, որ ընկել եմ այնտեղ, որտեղ պետք է:

– Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական դերասանը:

– Ըստ իս՝ դերասանը պետք է լինի անկեղծ: Դերասանը միանշանակ լինում է էմոցիոնալ: Ամենակարեւորն անկեղծությունն է, երբ անկեղծ ես լինում, հանդիսատեսը դա միանգամից զգում եւ սիրում է քեզ:

– Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է մեր թատրոնի ներկա իրավիճակը եւ ինչպիսի՞ ապագա է սպասվում…

– Կորոնավիրուսից հետո դադար էր, ու դրանից հետո միանգամից այնքան շատ սկսեցին գալ թատրոն՝ ես հասկացա, որ կարոտել է հանդիսատեսը: Այս պահին մենք խաղում ենք ներկայացումներ լեփ-լեցուն դահլիճներում ու ե՛ւ երեխաները, ե՛ւ մեծերը մեծ սիրով են գալիս: Ես կուզեմ, որ մենք ապագայում շատ ավելի բարգավաճենք:

– Շատ դերասաններ կային եւ երեւի հիմա էլ կան, որ չեն ընդունում թատրոնի դերասանին տեսնել սերիալում, եթե թատրոնում ես, ուրեմն վերջ. դո՞ւք ինչպես եք նայում այդ հարցին:

– Ես երկրորդ կուրսում էի, երբ առաջարկ ստացա շատ լուրջ ֆիլմում խաղալու համար…Այդ ֆիլմից հետո ինձ համար այնքան դժվար եղավ սերիալներում նկարահանվելը, որովհետեւ, երբ դու շատ լուրջ թիմի հետ ես աշխատում, հետո գնում ես սերիալ, մեծ հիասթափություն ես ապրում: Դրա համար սկսեցի խուսափել սերիալներից, շատ անգամ սկսեցի ընտրել… Ով նայում է ինձ էկրաններից, բեմից, ասում է` դու շատ անկեղծ ես: Ես կյանքում էլ եմ անկեղծ …Ես չեմ կարող բեմում ու կինոյում սուտ էմոցիա խաղալ:

– Գիտեմ նաեւ, որ երգում եք…

– Ես չունեմ երաժշտական կրթություն, բայց երգել եմ երեւի ծնված օրվանից: Երգելը ծնվել է ինձ հետ ու միշտ երազել եմ երգել: Ամուսինս որոշեց իմ երազանքը կատարել, ու մենք արդեն երեք տարի է՝ ունենք մի նախագիծ, որը կոչվում է «Բնական արձագանք»: Այդ նախագծի շրջանակում ես երգում եմ բոլոր այն վայրերում, որտեղ կա բնական ակուստիկա, երգում եմ դատարկ լողավազաններում, շատ մեծ բասկետբոլի դահլիճում: Երգում եմ կենդանի, երգում եմ տեղում եւ լիարժեք բավականություն եմ ստանում իմ աշխատանքից:

– Պատերազմի ընթացքում տեսահոլովակ ունեցաք, որը նկարել էիք Սասունցի Դավիթ կայարանում: Կա՞ ինչ-որ խորհուրդ դրանում, ինչո՞ւ հենց այդտեղ:

– Այդ վայրը վաղուց էինք ընտրել, սակայն հարմար երգ չէինք կարողանում ընտրել: Երբ պատերազմ եղավ, հույզերս շատ-շատ էին կուտակվել ու ընտրվեց երգ` «Սասնո օրոր», որը պատերազմ գնացած որդու մասին է…Իսկ համապատասխան ակուստիկան կար Սասունցի Դավիթ կայարանում:

– Շուտով ունենալու եք երգի պրեմերիա, կներկայացնե՞ք երգը:

– Դարձյալ հայկական երգ է… ճիշտն ասած, երբ սկսեցինք նախագիծը, անգլերեն երգեր սկսեցի երգել ու ինձ անընդհատ ասում էին` ինչու ես անգլերեն երգում, մի քիչ էլ հայերեն երգիր: Չեմ ուզում գլուխ գովել, բայց այս անգամ եւս շատ սիրուն է ստացվել:

– Սերն օգնո՞ւմ է ձեզ…

– Առանց սիրելու անհնար է: Պետք է սիրելով ամուսնանալ, սիրելով ընտանիք ստեղծել….Ես հաճախ զարմանում եմ, երբ ասում են՝ ուղղակի ամուսնանում եմ, ես դա չեմ ընդունում, որովհետեւ սերն է պահում մարդուն, մենք արդեն ութ տարի ամուսնացած ենք ու ես շատ ուրախ եմ, որ այդ սերը չի:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ինքնաքննադատությանը:

– Եթե դու զբաղվեցիր ինքնաքննադատությամբ, կողքինները չեն տեսնելու քո առավելությունները: Դու առաջինը պետք է սիրես ինքդ քեզ ու երբեք ուրիշների մոտ չքննադատես քեզ:

– Եվ վերջում, եթե ձեզ հանդիպեիք 10 տարի առաջ, ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ:

– Այնքան շատ խորհուրդներ կտայի, որովհետեւ ես այս տարի շատ եմ լրջացել: Առաջ ավելի բաց էի բոլորի համար, ինչը սխալ է:

Զրուցեց

Ռիտա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել