Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը վստահեցրեց՝ սա իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական
Խծաբերդի հատվածում գերի ընկածների հարազատները ապրիլի 9-ին փակել էին ՀՀ Շիրակի մարզի գրեթե բոլոր ճանապարհները` պահանջելով հստակեցնել իրենց տղաների հայրենադարձման հարցը։
Հիշեցնենք՝ մեկ օր առաջ «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով գերիների հարազատներ սպասում էին իրենց որդիների վերադարձին, սակայն ինքնաթիռը դատարկ էր ժամանել։
«Առավոտի» հետ զրույցում միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը վստահեցրեց՝ սա իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական: Ու հայտնեց՝ իրավական գործընթացներն ընթացքի մեջ են. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հարուցված վարույթ կա: Նա նշեց. «Եթե ՄԻԵԴ-ում վարույթ կա, դա հակասության մեջ է մտնում Ադրբեջանի դիրքորոշման հետ, որ այդ անձինք գերի չեն, այլ ահաբեկիչներ են: Լուծումը շատ պարզ է. իրենք ուղղակի պիտի վերադարձվեն եւ վերջ, առանց որեւէ նախապայմանի, քանի որ դա մարդու իրավունքների սկզբունք է»:
Կարդացեք նաև
Ըստ Արա Ղազարյանի՝ Ադրբեջանը քաղաքականացնում է խնդիրը եւ կառուցում լեգենդ, որ այդ անձանց կարգավիճակը չի կարգավորվում ռազմական գործողությունների կարգավորման նորմերով՝ այսինքն՝ հումանիտար իրավունքով, քանի որ նրանք նոյեմբերի 9-ից հետո են ձերբակալվել:
Մեր հիշեցմանը՝ պաշտոնական մակարդակով հաստատվել էր, որ գերիների վերադարձ սպասվում է, սակայն ժամանեց դատարկ ինքնաթիռ, երեկ էլ Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը ի պատասխան լրագրողի հարցի, թե պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան, ասել էր, որ դա կեղծ սադրանք էր. թյուրիմացության մեջ են գցում ժողովրդին եւ մեր հարցին՝ ի վերջո այս իրավիճակի համար ո՞վ է պատասխանատու, Արա Ղազարյանը պատասխանեց. «ՀՀ-ն, որովհետեւ նրանք ՀՀ քաղաքացիներ են: Բայց ռազմագերիների կյանքի, անվտանգության, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության համար պատասխան պիտի տա Ադրբեջանը, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ են այդ մարդիկ գտնվում»:
Մեր հարցին՝ թափթփվածության, անկազմակերպվածության, անտեղյակության արդյո՞ւնք է, որ մարդկանց զգուշացնում են, թե ինքնաթիռով գերիներ են բերում, բայց ժամանում է դատարկ ինքնաթիռ, Արա Ղազարյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ իշխանություններն ուղղակի տեղեկություններ իրենց չեն տրամադրում. «Այն, ինչ հիմա կատարվում է, իրավական գործընթացի հետ ուղիղ կապ չունի: Ադրբեջանը խոչընդոտում է իրավական գործընթացներին, քանի որ նախեւառաջ ամբողջական ինֆորմացիա չի տրամադրում ՄԻԵԴ-ին: Հիմա արդեն գործի է դրվել հաջորդ մեխանիզմը. բողոք է ներկայացվել Նախարարների կոմիտեին: Այսինքն՝ պետք է քաղաքական ճնշման մեխանիզմն աշխատի: Դրա համար պետք է քաղաքական կամք ԵԽ-ում, իսկ այնտեղ արդեն տարբեր հոսանքներ կան, տարբեր լոբբիստական խմբեր՝ թուրքական, ադրբեջանական, ռուսական»:
Արա Ղազարյանի դիտարկմամբ՝ գնալով Ադրբեջանի վրա քաղաքական ճնշումներն աճում են: Ըստ նրա՝ իհարկե, մի որոշ աստիճանով Ադրբեջանը սկսել է նահանջել, ուղղակի դեռ իր քաղաքական ռեսուրսները բավարար են, որպեսզի դիմագրավի:
Մեր հիշեցմանը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ռազմագերիների հարցը լուծված է, այդ թեման փակված է, Արա Ղազարյանն այսպես արձագանքեց. «Այսօր հայտարարում է՝ փակված է, վաղը գերիները կվերադարձվեն: Հարցը դա չէ, այլ այն, որ իրենք բոլորովին նոր թեմա են առաջ բերում, որ զինված հակամարտությունն ավարտվել է եւ դրա հետ միասին պետք է փոփոխություններ կատարվեն: Մոտ երեք -չորս ամիս է իրենք այն թեզն են առաջ տանում, թե քանի որ զինված հակամարտությունը ավարտվել է, ապա դրանից հետո այնտեղ գտնվող զինված անձինք արդեն ոչ թե զինվորականներ են կամ ռազմագերիներ, այլ հանցագործություն կատարած անձինք. նրանց նկատմամբ քրեական հետապնդում պիտի իրականացվի: Սա թեմա է, որ զարգացնում է Ադրբեջանը: Այն քաղաքական նպատակ է հետապնդում: Վերջնական նպատակն այն է, որ շփման գոտում զինվորականներ չլինեն, բացի ռուս զինվորականներից: Հիմա այս թեման հաջողությամբ դեռ չի զարգացնում Ադրբեջանը, քանի որ սկզբում մի քանի տասնյակ զինվորների ձերբակալեց, բայց դրանից հետո այլեւս մենք փաստեր չունենք, որ ազգությամբ հայ զինվորականներ ձերբակալվում են: Չգիտեմ՝ շփման գծում հայեր չկան, միայն ռուսնե՞ր են, թե այլ պատճառով: Տեղեկություն չունենք»:
Հարցին՝ ի՞նչ է հուշում Ձեր փորձառությունը՝ առաջիկայում գերիների վերադարձ կունենա՞նք, փորձագետը պատասխանեց. «Այո, կունենանք գերիների վերադարձ: Ադրբեջանի քաղաքական ռեսուրսները գնալով սպառվելու են: Իսկ նրա նկատմամբ ճնշումը գնալով աճում է. անընդհատ պիտի այդ ճնշումն աճեցնել, եթե ուզում ենք, որ մեր գերիները վերադառնան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.04.2021