Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր Նորքի բենզալցակայանի աշխատակցի դեմ ավազակային հարձակման գործը դեռ բողոքարկման փուլում է

Ապրիլ 12,2021 13:00

Նախաքննական մարմինը չի իրականացրել առերես հարցաքննություն

Դատարանն անթույլատրելի չճանաչելով՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը, թույլ է տվել դատական սխալ, որոնք ըստ փաստաբանի, իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է կայացված դատական ակտը բեկանելու համար:

Մկրտիչ Բաբայանը մեղադրվել էր Քրեական օրենսգրքի մի շարք ծանր հոդվածներով` 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից առաջադրված մեղադրանքի, նա ավազակային հարձակման եղանակով, հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով իր ընկեր Լեւոն Մելքոնյանի հետ, նախապես ձեռք էին բերել դիմակ, հակագազ, ներծալովի դանակ, 2 զույգ բժշկական ձեռնոց եւ կրակայրիչ ատրճանակ, 2015 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 04:50-ի սահմաններում, գնացել են Երեւան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գտնվող «Արաքս» բենզալցակայանի մոտ, որտեղ Մկրտիչ Բաբայանը կրել էր դիմակը եւ բժշկական ձեռնոցները, վերցրել կրակայրիչ-ատրճանակը, իսկ Լեւոն Մելքոնյանը հագել էր հակագազն ու բժշկական ձեռնոցները, զինվել է դանակով: Նրանք հարձակվել են «Արաքս» բենզալցակայանի աշխատակից, Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ Ավետիք Մարտիրոսյանի վրա եւ պահանջել են գումար, սակայն հանդիպելով տուժողի դիմադրությանը, նրա նկատմամբ կիրառել են կյանքի համար վտանգավոր բռնություն: Մկրտիչ Բաբայանը քաշքշել է Ավետիք Մարտիրոսյանի զգեստից, ձեռքով փակել է նրա բերանն ու իր ձեռքին գտնվող որպես զենք օգտագործվող այլ առարկա հանդիսացող կրակայրիչ-ատրճանակի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ավետիք Մարտիրոսյանի գլխի եւ դեմքի շրջաններին` պատճառել մարմնական վնասվածքներ, իսկ Լեւոն Մելքոնյանը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ավետիք Մարտիրոսյանին՝ հասցնելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:

Մկրտիչ Բաբայանը եւ Լեւոն Մելքոնյանը, նկատելով իրենց մոտեցող «Իբիցա» հյուրանոցային համալիրի աշխատակիցներին, դիմել են փախուստի, իսկ Ավետիք Մարտիրոսյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից նույն օրը մահացել է:

2015 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լ.Քաջազնունու որոշմամբ վարույթ էր ընդունվել քրեական գործը:

2015 թվականի դեկտեմբերի 26-ին մեղադրանք էր առաջադրվել Մկրտիչ Բաբայանին եւ Լեւոն Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Իսկ 2016 թվականի հունվարի 18-ին գործն ընդունվել էր ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Կ.Համբարձումյանի վարույթ, որտեղ եւ մեղադրանքը փոփոխվել է:

2016 թվականի սեպտեմբերի 22-ին գործն ուղարկվել է դատարան:

«Առավոտին» Մկրտիչ Բաբայանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը երեկ տեղեկացրեց, որ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանն անցյալ տարվա դեկտեմբերին թողել է ուժի մեջ:

Դատավճռով Լեւոն Մելքոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 22 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Լեւոն Մելքոնյանի պատժի կրման սկիզբը հաշվվել է 2015 թվականի դեկտեմբերի 24-ից: Լեւոն Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Մելքոնյանի պաշտպանությունն իրականացրել է Աննա Ջուվանովան:

Մկրտիչ Բաբայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 21 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Մկրտիչ Բաբայանի պատժի կրման սկիզբը հաշվվել է 2015 թվականի դեկտեմբերի 24-ից: Մկրտիչ Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտի» հարցին, թե արդյոք պատժաչափի հետ համաձայն է, պատասխանեց. «Գտնում եմ, որ Մկրտիչ Բաբայանի նկատմամբ կայացված դատավճիռը եւ այն անփոփոխ թողնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, քանի որ դատարանների կողմից կայացված դատական ակտերը օրինական եւ հիմնավոր դատավարական օրենքի էական խախտումներ են, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Դատարանները սխալ են գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, Մկրտիչ Բաբայանի մեղավորության մասին հետեւությունները հիմնված են ենթադրությունների եւ անթույլատրելի ապացույցների վրա:

Դատավճիռը եւ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը առերեւույթ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին»: Ավելին, ըստ պաշտպանի` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաքննիչ դատարանը թողնելով անփոփոխ, թույլ են տվել դատական սխալ, քանի որ Մկրտիչ Բաբայանի մեղքը նշված հոդվածով ապացուցված չէր եւ նրա նկատմամբ այդ հոդվածով պետք է կայացվեր արդարացման դատավճիռ:

Լ.Սիմոնյանն ասում է նաեւ, որ վերաքննիչ դատարանն անդրադառնալով ամբաստանյալ Մկրտիչ Բաբայանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքին, չէր կարող այն դներ մեղադրանքի հիմքում եւ պետք է ճանաչվեր օգտագործման համար անթույլատրելի ապացույց:

Մասնավորապես, պաշտպանը մեջ է բերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 5-րդ կետի եւ 212-րդ հոդվածի 2-րդ կետի՝ մեղադրյալի հարցաքննությունը հատվածը, որտեղ սահմանված է` բացի անհետաձգելի դեպքերից, հարցաքննությունը կատարվում է ցերեկը, մինչդեռ, որպես կասկածյալ Մկրտիչ Բաբայանը հարցաքննվել է գիշերային ժամին, այն դեպքում, երբ նրան այդ ժամին հարցաքննելը չի եղել անհետաձգելի:

«Մկրտիչ Բաբայանը ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել 24.12.2015թ.-ին, ժամը 17:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցից, այսինքն՝ ցերեկային ժամին, ավազակային հարձակում եւ սպանություն կատարելու կասկածանքով: Քննիչի կողմից ձերբակալման արձանագրությունը կազմվել է նրան բերման ենթարկելուց 2 ժամ 40 րոպե անց՝ 19:40-ին, նույնպես ոչ գիշերային ժամին:

Այսինքն, առնվազն ժամը 19:40-ին Մ. Բաբայանը կասկածյալի կարգավիճակ ուներ եւ որեւէ խանգարող հանգամանք չկար նրան այդ ժամին հարցաքննելու, առավել եւս, որ գործը քննվում էր քննչական խմբի կողմից: Որպես կասկածյալ Մկրտիչ Բաբայանը հարցաքննվել է արդեն՝ 25.01.2019թ.-ին, ժամը 00:55-ից մինչեւ 04:40-ը, այսինքն՝ գիշերային ժամին»,-ասում է փաստաբանը:

Պաշտպանի գնահատմամբ, նախաքննական մարմինը Մկրտիչ Բաբայանին միտումնավոր է հարցաքննել գիշերային ժամին, նրանից ցանկալի ցուցմունք կորզելու նպատակով եւ այն դեպքում, երբ նրա հարցաքննությունը կարող էր իրականացնել ավելի շուտ, ինչպես նաեւ նրան կարող էր հարցաքննել հաջորդ օրը՝ ցերեկային ժամին, քանի որ այն անհետաձգելի գործողություն չէր հանդիսանում:

Պաշտպանը, որ շարունակում է բողոքարկել դատավճիռը, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հաջորդ օրը, որպես մեղադրյալ հարցաքննելիս, Մկրտիչ Բաբայանը սպանություն կատարելու մեջ իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ ընդամենը կրակայրիչով մի քանի անգամ հարվածել է տուժողի գլխին եւ նրան սպանելու նպատակ չի ունեցել, շեշտելով, որ. «Կրկին անգամ նշում եմ, որ մենք նպատակ չենք ունեցել նրան սպանելու, մեր նպատակը եղել է գումար հափշտակելը եւ վերջ»: Նման պայմաններում, նույնիսկ քննիչը հարց չի տվել Մկրտիչ Բաբայանին, թե ինչով կբացատրի որպես կասկածյալ տված ցուցմունքը այն մասին, որ «թե ամեն գնով, նույնիսկ նրան սպանելու միջոցով պետք է գումար հափշտակեին»: Կարծում եմ, քննիչը նույնպես գիտակցում էր, որ դրանք Մկրտիչ Բաբայանի խոսքերը չեն եւ նրան նման հարց տրվելու դեպքում վերջինս կզարմանա, որ իր ցուցմունքում նման միտք է նշված եւ անմիջապես կհերքի այն: Բացի այդ, հատկանշական է, որ Մկրտիչ Բաբայանի եւ Լեւոն Մելքոնյանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքներում առկա էր էական հակասություն, կապված Մ. Բաբայանի ցուցմունքում նշված՝ «թե ամեն գնով, նույնիսկ նրան սպանելու միջոցով պետք է գումար հափշտակեին» արտահայտության հետ եւ նման պայմաններում նախաքննական մարմինը խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի պահանջները, նրանց միջեւ չի իրականացրել առերես հարցաքննություն»:

Լիպարիտ Սիմոնյանը իր ծավալուն բողոքում հղում կատարելով իրավաբանական գրականության տարբեր աղբյուրների՝ նշել էր. «Խմբի կողմից սպանություն կատարելու դեպքում պարտադիր պայման է երկու եւ ավելի կատարողների՝ համակատարողների առկայությունը, որոնցից յուրաքանչյուրը պետք է անմիջականորեն լրիվ կամ մասամբ կատարի հանցագործության օբյեկտիվ կողմին բնորոշ գործողություններ: Սպանության համակատարողներ են այն անձինք, ովքեր սպանության պրոցեսում գործել են համաձայնեցված, նրանց գործողությունները միավորված են միասնական դիտավորությամբ, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմը կատարվել է հանցակիցներից յուրաքանչյուրի կողմից:

Ինչպես երեւում է դատաքննությամբ հետազոտված «Արաքս« բենզալցակայանի տեսախցիկների կողմից զննության արձանագրությունից եւ տեսագրություններում նկարահանված տեսանյութերից, ապա Մկրտիչ Բաբայանի գործողություններում բացակայում են տուժողին մահ պատճառելուն ուղղված գործողություններ, այսինքն՝ սպանության օբյեկտիվ կողմին բնորոշ գործողություններ»:

Պաշտպանն ասում է, որ դատավճռի հիմքում դրված եւ դատական քննության ժամանակ հարցաքննված անձանց որեւէ մեկի ցուցմունքում առկա չեն փաստական տվյալներ, որոնցով կարելի էր գալ հետեւության, թե Մկրտիչ Բաբայանը եւ Լեւոն Մելքոնյանը նախնական համաձայնություն են ունեցել՝ մահ պատճառել տուժողին:

Ամբաստանյալի տնից խուզարկության ժամանակ զենք են հայտնաբերել.
Բաբայանը գործով չպարզված աղբյուրից եւ ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել եւ Երեւան քաղաքի Նոր Նորքի Գայի պողոտայի իր բնակարանի ննջասենյակի պահարանում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող 24 հատ 7,62 մմ տրամաչափի եւ 1 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են: Նշեմ, որ զենքի մասով իրեն մեղավոր էր ճանաչել ամբաստանյալը:

Պաշտպանը միջնորդել էր քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը անցնելու պատճառաբանությամբ:

Սովորաբար, երբ պաշտպանական կողմը հղումներ է կատարում Եվրոպական կոնվենցիաներին, ՄԻԵԴ որոշումներին, ակնհայտ է հնարավոր դիմումները ՄԻԵԴ:

Լ.Սիմոնյանը վիճարկում է նաեւ ողջամիտ ժամկետի խախտման հարցը, մասնավորապես, հայտնելով, որ Եվրոպական դատարանն իր վճիռներում անդրադառնալով ողջամիտ ժամկետում գործի քննությանը:

«Էքլին ընդդեմ Գերմանիայի» գործով ՄԻԵԴ-ը նշել է. «Քրեական գործերում ողջամիտ ժամկետը սկսվում է հաշվվել այն պահից, երբ առաջադրվում է մեղադրանք, այդ ժամկետը կարող է հաշվվել անձին ձերբակալելու պահից, կամ այն պահից, երբ տվյալ անձը պաշտոնապես տեղեկացվում է իր դեմ քրեական գործ հարուցելու մասին, կամ նախնական քննություն սկսելու պահից»:

Եվրոպական դատարանը 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ ողջամիտ ժամկետը գնահատելիս, մի շարք գործերի քննության արդյունքում ձեւավորել է որոշակի չափանիշներ, որոնք կիրառելի են բոլոր գործերի նկատմամբ:

Մասնավորապես, դատաքննության ողջամտությունը գնահատելիս դատարանը հաշվի է առնում հետեւյալ հանգամանքները՝ տվյալ գործի բարդությունը, ամբաստանյալների եւ վարույթն իրականացնող մարմնի վարքագիծը:

Հայաստանի դատարանները գերծանրաբեռնված են, եւ ժամկետների խախտումները պատճառաբանում են հենց այդ հանգամանքով, մինչդեռ, ըստ ՄԻԵԴ-ի` պետությունը չի կարող քրեական գործերի քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու իր պատավորությունից շեղումը պատճառաբանել ներպետական դատարանների ծանրաբեռնվածությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930