Լրահոս
Օրվա լրահոսը

«Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ դառնալու վերաբերյալ որոշում բնության մեջ գոյություն չունի»

Ապրիլ 12,2021 14:00

Ապրիլի 14-ին ՀՀ վարչական դատարանը շարունակելու է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի՝ ընդդեմ ՍԴ գործող նախագահ Արման Դիլանյանի հայցի քննությունը։ Այս հայցով Էդգար Ղազարյանը վիճարկում է Արման Դիլանյանի՝ որպես ՍԴ նախագահի պաշտոնավարման լեգիտիմությունը եւ որպես դրա հետեւանք՝ նաեւ Արման Դիլանյանի կողմից ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իրեն ազատելու 2020թ.-ի որոշման օրինականությունը։ Ի դեպ, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի երեք նախկին խորհրդականները եւս հայցեր են ներկայացրել Արման Դիլանյանի դեմ՝ պահանջելով վերականգնել իրենց պաշտոնում։ «Առավոտը» զրուցել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ։

– Պարոն Ղազարյան, ձեր հայցադիմումի հիմքերը նո՞ւյնն են, ինչ երեք նախկին խորհրդականներինը՝ վերացնել Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնից իրենց ազատելու մասին 2020թ.-ի կարգադրությունները, վերականգնել իրենց ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում։

– Գրեթե։ Հայցի հիմքում Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնն ապօրինի զբաղեցնելու հանգամանքն է եւ նրա կողմից կայացված բոլոր որոշումների լեգիտիմության հարցը, այդ թվում՝ ինձ պաշտոնից ազատելը։ Իմ հայցադիմումով պահանջում եմ չեղարկել Սամվել Առաքելյանին ՍԴ աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին որոշումը, եւ ինձ վերականգնել ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

– Ի՞նչ հիմնավորումներով եք պնդում, որ Արման Դիլանյանն ապօրինի է զբաղեցնում ՍԴ նախագահի պաշտոնը։

– Նախ, նրա՝ այդ պաշտոնում հայտնվելն իրականացվեց 2020թ.-ի սահմանադրական փոփոխությունների հետեւանքով, որոնք ի սկզբանե եղել են հակասահմանադրական։ Այսինքն, ԱԺ-ն իրավունք չուներ փոփոխություն կատարելու Սահմանադրության 213 հոդվածում, որն այլեւս իրավական ուժ չունի 2018թ. ապրիլի 9-ից հետո։ 213 հոդվածի փոփոխության բովանդակությունը վերաբերում է Սահմանադրության 7-րդ գլխին, որը վերաբերում է դատական համակարգին, որի փոփոխությունները Սահմանադրությունում պետք է կատարվեին բացառապես հանրաքվեի միջոցով։ ԱԺ-ն 7-րդ գլխին վերաբերող փոփոխություններ իրավունք չունի անելու։ Սահմանադրությունը պահանջում է, որ ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխություններ անելու դեպքում առաջին ընթերցումից հետո պարտադիր ուղարկվի ՍԴ՝ նախնական վերահսկողության։ ԱԺ-ն, սակայն, շրջանցել է այդ սահմանադրական ինստիտուտը եւ իր որոշմամբ խախտել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որն ամրագրված է տվյալ օրենքով։ Այսինքն, այս ամենը եթե տեղի չունենար, Հրայր Թովմասյանը պետք է շարունակեր ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարելը։ Այդ պաշտոնի փոփոխությունը եղել է հակասահմանադրության հետեւանք։

Դրանից բացի՝ Արման Դիլանյանն ապօրինի կերպով է ընտրվել ՍԴ նախագահ, որովհետեւ ըստ օրենքի եւ աշխատակարգի՝ ՍԴ նախագահի ընտրությունը պետք է կատարվի գաղտնի։ Դա իմպերատիվ պահանջ է։ Բայց նիստում, որին ես ներկա եմ եղել որպես աշխատակազմի ղեկավար, երկու դատավորներ բաց են քվեարկել։ Այսինքն, խախտվել է գաղտնիության սկզբունքը։ Նիստը նախագահողը չի ընդհատել քվեարկության գործընթացը, չի կազմակերպել նոր քվեարկություն։ Դրանից հետո էլ, երբ քվեարկության արդյունքներն ամփոփվել եւ արձանագրվել են, ՍԴ-ն որոշում չի կայացրել՝ Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու վերաբերյալ, ինչը եւս օրենքի իմպերատիվ պահանջ է։ ՍԴ ակտեր են համարվում որոշումներն ու եզրակացությունները։ Նիստի արձանագրությունն իրավական ակտ չի հանդիսանում։ Իրավական ակտն աշխատակարգային որոշում է։ Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ դառնալու վերաբերյալ որոշում բնության մեջ գոյություն չունի։ Այսինքն, տեղի է ունեցել քվեարկություն, սակայն որոշում չեն ընդունել՝ ամենայն հավանականությամբ այն պատճառով, որովհետեւ կարգի խախտմամբ է եղել քվեարկությունը։

Իմ դեպքում անգամ պաշտոնից ազատման կարգադրություն չկա։ Իմ անմիջական ղեկավար Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին որոշում էլ չկա։ Նրա՝ ՍԴ նախագահ ընտրվելու որոշում ԱԺ-ն կայացրել է, դա կա, բայց նրա՝ լիազորությունների դադարեցման որոշում չկա՝ այն դեպքում, երբ գոյություն ունի Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման մասին ՍԴ աշխատակարգային որոշում, տեղադրված է ՍԴ կայքում։ Չկա ոչ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման, ոչ Արման Դիլանյանի նշանակման եւ ոչ էլ իմ՝ պաշտոնից ազատման որոշում։ Կա միայն մի կարգադրություն, որով Սամվել Առաքելյանը նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար։ Դա կայացվել է մի մարդու կողմից, որը ՍԴ նախագահ չէ։

– Թվարկվածը հաշվի առնելով՝ գործող ՍԴ-ի լեգիտիմության վերաբերյալ ինչպիսի՞ դիրքորոշում ունեք։

– Այս պահին փաստացի ՍԴ 9-ը դատավորներից հինգը ոչ լեգիտիմ են՝ երեք նոր ընտրվածները, Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը։ Իսկ Արման Դիլանյանը չի ընտրվել ՍԴ նախագահ։ Իսկ այդ կազմով կայացված ՍԴ բոլոր որոշումներն, ըստ էության, վիճահարույց են։
Ներկայացնենք նաեւ պատասխանող կողմի տեսակետը։ Արման Դիլանյանի ներկայացուցիչ, ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը մարտի 16-ի նիստում անդրադառնալով Էդգար Ղազարյանի գնահատականներին, ասել էր. «Պարոն Ղազարյանն իրավաբան չէ, եւ իմ փորձը ցույց է տալիս, որ իրավաբանության հետ կապված հարցերում ինքը լավ չի կողմնորոշվում, հետեւաբար խորհուրդ կտամ, որ ձեռնպահ մնա որեւէ հակաօրինական գնահատականներ տալուց ՍԴ նախագահի որոշումներին, քանի որ ՍԴ նախագահը կայացնում է որոշումներ՝ ելնելով ՍԴ մասին օրենքից եւ աշխատակարգից: Հայտարարել, որ ՍԴ նախագահի կայացրած ակտերը, հրամանները, որոշումներն անօրինական են, առավել եւս պարոն Ղազարյանի կողմից, կարծում եմ՝ անհիմն են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել