Խորին ցավով տեղեկացնում ենք, որ այսօր համավարակի պատճառով կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային գիտահետազոտական բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, տոմարագետ Գրիգոր Բրուտեանը։
Գրիգոր Բրուտեանը ծնվել է 1955 թ-ի հունիսի 28-ին Երևանում։ 1973-1978 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։ Ուսումնառության վերջին տարիներին աշխատել է Համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնում որպես լաբորանտ։ Ուսումնառության ավարտից անմիջապես հետո աշխատանքի է անցել Բյուրականի աստղադիտարանում։ Երկար տարիներ աշխատել է աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժնում սկզբում՝ որպես ավագ լաբորանտ, ապա՝ որպես կրտսեր գիտաշխատող և գիտաշխատող։ Զբաղվել է բռնկվող աստղերի (նաև՝ Վոլֆ-Ռայե դասի աստղերի) ուսումնասիրությամբ, գործուն մասնակցություն է ունեցել աստղադիտարանում ընթացող դիտողական ծրագրերին։
Սկսած 1982 թ-ից՝ զուտ աստղաֆիզիկական աշխատանքին զուգընթաց զբաղվել է նաև հայկական օրացույցին վերաբերող խնդիրներով։ 1992-2002 թթ. Բյուրականի աստղադիտարանում եղել է հենց հայկական օրացույցների հետազոտությանը նվիրված գիտական թեմայի ղեկավար։ 1999թ-ից աշխատել է Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում, իսկ 2000թ-ից եղել է այդ թանգարանի տնօրենը։ 2004թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմաիկական գիտությունների թեկնածուի գիտ. աստիճան։
Զուգահեռաբար աշխատում էր Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, և դասավանդում էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։
Կարդացեք նաև
Գրիգոր Բրուտեանը երեք տպագրված և մեկ անտիպ մենագրությունների, ինչպես նաև շուրջ վաթսուն գիտական հոդվածների հեղինակ է՝ հիմնականում հայկական օրացույցի, դրա պատմության, հարակից խնդիրների և աստղաֆիզիկայի որոշ հարցերի վերաբերյալ։ Գ․ Բրուտեանի վերջին հեղինակած գրքերից է «Հայկական տոմարագիտութիւն»-ը: Գիրքը ստեղծված է իբրև տոմարագիտություն առարկայի և հատկապես դրա հայկական մասի ամբողջական համահավաք շարադրանք։
2020թ-ին Գ․ Բրուտեանը եղել է Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանի ամբողջական չափագրության աշխատանքների ղեկավարը։
Ցավակցում ենք բոլոր հարազատներին մեծ կորստի համար։ Գրիգոր Բրուտեանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան