Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքը երբ ստեղծում էինք, բոլորն ասում էին՝ Նիկոլը Սերժի մարդն է, ես փաստ չեմ ունեցել, որ ինքը Սերժի մարդն է». Մարուքյան

Ապրիլ 11,2021 22:15

Այսօր «Radar Armenia»-ի ձայնային ուղիղ եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը hարցին՝ ի՞նչ հարաբերություններ եք ունեցել կամ ունեք Միքայել Մինասյանի հետ՝ պատասխանեց, որ չունեն եւ չեն ունեցել կապ, դա քարոզչություն է:

Անձամբ ծանոթ չէ Միքայել Մինասյանի հետ ու հիշեցրեց մի դեպք, որը տեղի էր ունեցել խորհրդարանում. «Մեր խմբակցությունից մի պատգամավոր քննադատում է իշխանության ռուսական քաղաքականությունը, այդ պատգամավորն այսօր Արման Բաբաջանյանն է, նրա գրասենյակի առջեւ կային երեք դրոշներ՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՀՀ-ի: Փաշինյանը գալիս է ամբիոնի մոտ, ասում է՝ բա որ դուք ուզում էիք լավ լիներ հարաբերությունները ՌԴ-ի հետ, ինչի՞ ՌԴ-ի դրոշը չեք դրել, դնեիք Վատիկանի դրոշը… Մարդիկ մտածում էին, որ ԼՈԿ-ին էր ասում, բայց կոնկրետ մարդու է ասում, որն այսօր իշխանության հետ է»:

Հետո Մարուքյանը հավելեց. «Ելք» դաշինքը, երբ ստեղծում էինք, բոլորն ասում էին՝ Նիկոլը Սերժի մարդն է, ես փաստ չեմ ունեցել, որ ինքը Սերժի մարդն է ու մինչեւ հիմա չունեմ»:

Հարցին՝ ինչու ձեզանից հեռացան Հայկ Կոնջոյանը, Արման Բաբաջանյանը, Մանն Թանդիլյանը, Վիկտոր Ենգիբարյանը, նա պատասխանեց, որ Հայկ Կոնջորյանն ու Ենգիբարյանը դուրս են եկել ընտրություններից առաջ, չէին հավատում, որ ԼՀԿ-ն կանցնի, «Իմ քայլում» տեղ են ստացել՝ գնացել են. «Եթե ավելի շատ գնահատականներ տամ… չեմ անի այն մարդկանց մասին, որոնք ինչ-որ մի պահ մեզ հետ ճանապարհ են անցել»:

Ինչ վերաբերում է Մանե Թանդիլյանին, նա չի հեռացել. «Արցախում իր գիտելիքները կյանքի է կոչում ու շարունակում է կապ պահել ինձ հետ, կուսակցության հետ: Նա կուսակցության անդամ է, խորհրդի անդամ չի, բայց մեր ընկերն է, մեր հարազատն է: Մանե Թանդիլյանը ճամբար չի փոխել, սխալ է նրան դիտարկել ձեր նշած անունների հետ: Արման Բաբաջանյանը օգտագործել է մեր հնարավորությունը, մենք շանս ենք տվել նրան: Հետո կառավարման խորհուրդը հայտարարեց, որ երբ ուզում ես առանձին քաղաքական գործունեությամբ զբաղվես, պետք է մանդատը վայր դնես: Ընդդիմադիր ձայներ է ստացել, մարդը գնացել, միացել է գործող իշխանությանը: Ուրիշի ստացած մանդատը պետք է հետ վերադարձնես: Դատավարություն կա սրա հետ կապված, ձեռքերս ծալած չենք նստել, ընթացքի մեջ է, բայց հօգուտ ԼՀԿ-ի չի լինում»:

Նա ասաց, որ հիմա, երբ ԱԺ-ն պետք է ցրվի, դա գուցե այնքան էլ կարեւոր չէ, բայց կարեւոր է այն, որ դատական նախադեպ ձեւավորվի մյուսների համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930