Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք լինեինք իշխանություն, կաշխատեինք բոլոր առաջադեմ երկրների ԱԳՆ-ների հետ, որ ճնշում գործադրեին Ադրբեջանի վրա ու ռազմագերիների հարցը լուծեին». Մարուքյան

Ապրիլ 11,2021 21:35

Այսօր «Radar Armenia»-ի ձայնային ուղիղ եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով 44-օրյա պատերազմի ժամանակ Արեւմուտքի կրավորական պահվածքի մասին՝ ասաց, որ արդեն 5 տարի է՝ իրենց ուժը պրոարեւմտյան դիրքերից հանդես չի գալիս:

Ուզում են եվրոպական մոդելի պետություն ունենալ՝ եվրոպական առողջապահական, բանակի համակարգ. «Երբ սա ասում ենք՝ եվրոպական մոդելի պետություն, մարդիկ մտածում են՝ դա ի՞նչ ձեւ է: Նախկինում արհեստական բաժանում է եղել՝ ԱԺ-ում պետք  է լինեն ռուսամետներ, արեւմտամետներ, այդ հիմար թեզը վաղուց փակված է»:

Նա ասաց, որ «Ելք» դաշինքի օրոք իրենք ողջունել են ԵՄ-ի հետ համաձայնագիրը, հիմա լոբբինգ են անում, որ ամբողջությամբ կիրարկվի, նույն կերպ լոբբինգ անում են ռազմատեխնիկական պայմանագրերը ՀԱՊԿ շրջանակներում կիրառել. «Ինչ վերաբերում է Արեւմուտքի պասիվությանը, զարմանալի  է ՀՀ-ում ասել՝ Արեւմուտքը պասիվ է: Իսկ ո՞նց պիտի ակտիվ լիներ, եթե Հայաստանը այլ անվտանգային համակարգում է: Մենք անդամակցում ենք այլ անվտանգային գոտուն ու պահանջում ենք, որ Արեւմուտքը ակտի՞վ լինի»:

Հետո Մարուքյանը խոսեց գործող իշխանությունների ապիկարության մասին. «Եթե մենք լինեինք իշխանություն, կաշխատեինք բոլոր առաջադեմ երկրների ԱԳՆ-ների հետ, որ ճնշում գործադրեին Ադրբեջանի վրա ու ռազմագերիների հարցը լուծել: Ադրբեջանն ասում է՝ ինչքան ունեինք ռազմագերի տվել ենք, ով որ կա՝ ռազմագերի չէ: Իսկ հայկական կողմը թույլ է, չի կարողանում միջազգային սիմպատիան ձեւավորել խնդրի շուրջ, միջազգային տերմին կա՝ POW՝ prisoner of war, կապ չունի՝ նոյեմբերի 9-ից հետո են գերի ընկել»:

Ըստ Մարուքյանի, այս իշխանությունները կարող են շատ լավ իշխանություն լինել, երբ ոչ մի խնդիր չկա, տնտեսությունը 8 տոկոս աճ ունի, պատերազմ չկա եւ այդ ժամանակ կարելի է Բաղրամյան պողոտայում խորոված անել ու ուտել: Հիմա իրենք ներուժ չունեն ճգնաժամային իրավիճակում կառավարել, 50 կգ կարող են բարձրացնել, 300 կգ-անոց ծանրաձող է դրված իրենց առջեւ:

Մարուքյանի խոսքով՝ ով հավատում է, որ բանակում կարող է այս իշխանությունը ռեֆորմ անել՝ միամիտ է: Չի կարող տնտեսությունը կառավարել, կորոնավիրուսի դեմ պայքար, դրանք բարդ հարցեր են այս իշխանության համար. «Մեր ժողովուրդը պետք է դադարեցնի պահանջել իշխանությունից մի բան, որը չի կարող իշխանությունն անել, պետք է փոխի այս իշխանությանը»:

Հարցին՝ եթե դուք լինեք իշխանություն, ունե՞ք այդ ներուժը՝ նման հարցերը լուծելու՝ նա պատասխանեց. «Ես ասացի, թե ինչպես էր պետք միջազգային հանրության հետ աշխատել: Պատերազմից հետո պետք էր արտաքին գերատեսչությունը ուժեղացնել, ի՞նչ է  արվել: Անընդհատ փնտրվում էր նախարար, ում առաջարկում էին՝ հրաժարվում էր, փոխնախարարների տեղը թափուր է, հիմա նայեք՝ ուժե՞ղ է այդ թեւը, թե՞ չէ: Նայեք հանդիպումները, իրենց կայքը, այդ ձեւ աշխատանքով հնարավո՞ր է ինչ-որ բան անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930