Այսօր «Radar Armenia»-ի ձայնային ուղիղ եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կանխատեսեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին բաժանվելու է ընտրակաշառք: Թե ո՞վ կամ ո՞ր ուժերն են բաժանելու՝ նա պատասխանեց. «Այն ուժերի կողմից, ովքեր միլիոնավոր դոլարներ ունեն կուտակած: Իշխանությունն էլ ունի նման մարդիկ»:
Նա հայտարարեց, որ այս ընտրություններին գնում են, որ հնարավորություն չտան գործող իշխանության վերարտադրությունը: Մարուքյանը բացառեց, որ իշխանությունների հետ կոալիցիա կկազմեն: Թե որ կուսակցության հետ են տեսնում հնարավոր համագործակցությունը՝ նա պատասխանեց, որ դա ձուկը ջրում խոսակցություն է, չի կարող ասել, թե ինչ ուժեր են անցնելու խորհրդարան. «Բոլոր առողջ ուժերի հետ, որոնք Շուշին հանձնելու, թալանելու մեջ ներգրաված չեն եղել, պատրաստ ենք համագործակցել»:
ԼՀԿ ղեկավարը գտնում է, որ երբ փոքր ուժերը, որոնք գիտեն՝ չեն հաղթահարելու շեմը, բայց մասնակցում են, հօգուտ իշխանության են աշխատելու: Փոքր ուժերը մարդկանց ձայնը փոշիացնելու են. «Փաշինյանն ընտրվում է, եթե 20-30 ուժ մասնակցեն, դա ձայների փոշիացման լավագույն միջոցն է, վերջում ձայները միանալու են իրեն ու դրանով փորձելու է իշխանությունը վերականգնել: Դրա համար պետք է ժողովրդի լեզվով մարդկանց բացատրենք, որ ժողովուրդ ջան, ձեր ձայները մի փոշիացրեք, քվեարկեք ԼՀԿ-ի օգտին, որն ակնհայտ է, որ խորհրդարանական բարիերը հաղթահարելու խնդիր չունի: Անցյալ ընտրություններին 17% ձայն փոշիացվել է: Եթե դա մեզ գումարվեր, իշխանությունը սահմանադրական մեծամասնություն չէր ունենալու, չէր կարողանալու միայնակ փոխել սահմանադրական եւ այլ օրենքներ»:
Նա ասաց, որ իշխանությունները «Ընտրական օրենսգիրքը» փոխեցին՝ ասելով, թե գաղափարական պայքար է լինելու, բայց «դա միայն սոուսն է, գնում են մարզեր, խոսում՝ գայլերի, գելխեղդների, իրար ուտելու, ծամելու մասին, ի՞նչ գաղափարական պայքար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ