Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ տղամարդկանց կողքին կանգնած ուժեղ կանայք․ հենց նրանք են փոխում աշխարհը»․ Ժենյա Ասատրյան

Ապրիլ 11,2021 23:00

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք նկարիչ-մոդելավորող Ժենյա Ասատրյանի հետ։

-Սիրելի Ժենյա, դուք բավականին հետաքրքիր գործունեություն եք ծավալում հայկական նորաձևության ոլորտում՝ ստեղծելով շատ կանացի, հիմնականում երեկոյան զգեստներ, ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ ուղղությունը։

-Ճիշտ եք նկատել, որ ունենք հստակ ընտրված ուղղվածություն՝ երեկոյան շքեղ զգեստներ, հարսանյաց զգեստներ․ այդ ընտրությունը պատահական չէր, քանի որ համարում ենք, որ դա  կնոջը երջանկացնելու ամենալավ միջոցն է, կնոջ՝ զարդարվածության, այսպես ասած, գագաթնակետը․․․ Ինձ դուր է գալիս, երբ որևէ միջոցառման ժամանակ կինը, ներկայանալով իր շքեղ կերպարով, իրեն ամենագեղեցիկն է զգում և գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում․․․ Սիրում եմ գեղեցկացնել կնոջը․․․

-Ամեն ինչ սկսվում է մանկությունից, ինչո՞ւ չէ՝ նաև մասնագիտության ընտրությունը․․․  Ձեր դեպքում ևս այդպե՞ս է։

-Պապիկս, հայրիկս նկարիչներ են, սկսել եմ նկարել, կարելի է ասել, անհիշելի ժամանակներից․․․ Ու մայրիկս մինչ օրս պահել է իմ այն նկարները, որոնք ես նկարել եմ 2 տարեկանում՝ թղթի կենտրոնում կանգնած է աղջիկ, որի շուրջը փոքրիկ վանդակներ են պատկերված՝ մեջը տարբեր հագուստներ, և դա կարծես այդ աղջնակի զգեստապահարանն է: Ու հիմա, երբ նայում եմ այդ նկարները, հասկանում եմ, որ դա 90-ական թթ․-ի տիպիկ աղջիկ է, որը գունավոր վերնազգեստներ, տաբատներ է հագնում, ու հետաքրքիրն այն է, որ ես 2 տարեկան հասակում արդեն կարողացել եմ կերպարներ առաջարկել այդ աղջկան, տալ իմ լուծումները․․․

Ժենյա Ասատրյան

– Իսկ դուք այսօր նմա՞ն եք այդ աղջնակին։

– Շատ հետաքրքիր հարց է, գուցե և նման եմ․․․ Համենայնդեպս զգեստապահարանի մեծության ու բազմազանության առումով՝ հաստատ․․․

Ես ունեմ շատ մեծ զգեստապահարան, և որքան էլ ինձ համոզում են, չեմ կարողանում բաժանվել իմ ոչ մի հագուստից, քանի որ համարում եմ, որ հագուստն ունի պատմություն, հիշողություն․․․ Մի քանի տարի առաջվա կամ դպրոցական ժամանակի հագուստն ինձ համար թանկ է և կարող է արթնացնել հուշեր, որոնցից ես չեմ պատրաստվում հրաժարվել․․․

-Կարելի է ենթադրել, որ ձեր կողմից ստեղծված հագուստները ևս ունեն իրենց պատմությունները։

-Այո, հատկապես երբ խնդիր է դրված ինչ-որ բան արագ հասցնելու և այդպիսի դեպքերում պրոցեսին ներգրավվում են բոլորը` անգամ հարևանուհիները, և սկսում են աշխատել՝ մեկը ծաղիկներն է փակցնում, մյուսը՝ հուլունքները կարում, երրորդը՝ արդուկում, բայց ամենակարևորը՝ միշտ հասցնում ենք․․․

-Դուք սերտ շփումներ ունեք հայ դիզայներների հետ, նաև օգնում եք սկսնակ դիզայներներին ու ձեռագործով զբաղվողներին վաճառել իրենց արտադրանքը, ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի հայկական նորաձևությունը։

-Հայկական նորաձևությունը տարբերվում է ազգային էլեմենտներով՝ լինի ինչ-որ աքսեսուար, կամ զարդանախշ՝ հագուստի վրա, առանց այդ ամենի՝ հագուստն ինքը՝ որպես կերպարային դետալ, միապաղաղ է թվում։ Մենք, իհարկե, ձգտում ենք համաքայլ լինել համաշխարհային նորաձևության հետ, սակայն դեռ բավականին աշխատելու տեղ ունենք, բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է հրաժարվենք մեր ազգային մասնիկներից։

Ի դեպ, հետաքրքիր միտում ենք նկատել՝ մարդկանց հետ աշխատելով, որ կարած հագուստ հիմնականում հագնում են 50-ից բարձր տարիքի կանայք, քանի որ իրենց մոտ արդեն ձևավորված սովորույթ կա կարած հագուստ հագնելու, իսկ մի քիչ ավելի երիտասարդ կանայք հիմնականում փորձում են կրել դրսից բերված՝ որևէ հայտնի ապրանքանիշի պիտակով հագուստ, անգամ եթե այն ստիպված են լինում ձևափոխել։ Սակայն նշեմ, որ շատերն են ձգտում լինել տարբերվող, և հենց իրենք էլ մեր՝ հայ դիզայներների հաճախորդներն են․․․

-Իսկ որքանո՞վ են հասանելի հայ դիզայներների կողմից առաջարկվող հագուստները։

-Այստեղ շատ մեծ նշանակություն ունի ապրանքանիշը, սոցիալական ցանցերում ներկայացվածության մակարդակը, սակայն կարող եմ նշել, որ ցանկության դեպքում միջին խավը հնարավորություն ունի հայկական հագուստ պատվիրելու կամ գնելու։

-Ի՞նչ միտումներով է զարգանում համաշխարհային նորաձևությունը։

-Կարելի է առանձնացնել մի քանի ճյուղեր․ մի ճյուղն ուղղված է դեպի մինիմալիստական լուծումները, մյուս ճյուղը՝ դեպի մոդեռնիզմ, իսկ մեկ այլ ուղղությունը հինը վերականգնելու ձևեր է փնտրում՝ իհարկե, նոր շեշտերով

-Նաև էսպիսի մի միտում է նկատվում՝ դիզայներները տղամարդկանց կանանց հագուստ են հագցնում․․․

-Եղավ ժամանակ, երբ կանայք դուրս եկան ու սկսեցին պայքարել իրենց իրավունքների համար, և այդ պայքարն արտացոլվեց նրանց զգեստապահարանում, որտեղ մեծ տեղ գրավեցին տղամարդկանց «առավելություն» համարվող տաբատները, պիջակները, վերնաշապիկները․․․ Դրանք եկան կանանց ավելի շարժուն դարձնելու, ավելի հարմարավետ վիճակ ապահովելու աշխատանքի համար։ Իսկ այսօրվա միտումը՝ տղամարդկանց կանանց հագուստ հագցնելու, իմ կարծիքով, չի դառնա համընդհանուր, քանի որ դա չի արտացոլում, ասենք տղամարդկանց իրավունքների պաշտպանությունը կամ նման մի բան, այլ ավելի նեղ, փորձարարական իմաստ ունի։

-Նորաձևությունն անում է իր գործն ու զարգանում է խելահեղ արագությամբ, այդ ճանապարհին ինչպե՞ս չկորցնել անհատականությունը։

-Իմ կարծիքով՝ առաջինը՝ պետք է գտնես քո եսը․․․ Իմ կարգախոսի հայերեն տարբերակն այսպես է հնչում՝ «Դու եղիր քո ամենալավ տարբերակը»։ Այ հենց այդ տարբերակով էլ կարող ես ներկայանալ յուրովի, և միայն այդ դեպքում նորաձևությունը կդառնա ոճ։

-Իսկ ինչպիսի հագուստների առկայություն է ենթադրում բազային զգեստապահարանը։

Պարզ բազային հագուստ՝ շապիկ, ջինս, սպորտային «կեդեր»․․․ Կինը գնալով ավելի ուժեղանում է, ավելի աշխատասեր է դառնում և կրունկներն իրենց տեղը զիջում են սպորտային կոշիկներին, և դա շատ նորմալ է, պիջակի ու սպորտային սպիտակ կոշիկների օգնությամբ էլ կարելի է հետաքրքիր կերպար ստանալ։

-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում նոր կերպարներ ստեղծելիս։

-Առաջին մասնագիտությունս՝ հագուստի մոդելավորող է, երկրորդը՝ արվեստաբան, դե բնականաբար արվեստաբանությունը ուսումնասիրում է թե՛ ճարտարապետություն, թե՛ արվեստի պատմություն, և դա ինձ համար ոգեշնչման անսպառ աղբյուր է։ Ոգեշնչել կարող է անգամ փոքր դետալը, որը դու տեսնում ես, օրինակ, ճարտարապետության մեջ, ուզում ես այն բազմացնել, նոր կյանք հաղորդել՝ արդեն որպես հագուստի բաղկացուցիչ մաս։ Ինչպես և նկարչության դեպքում, նորաձևության մեջ էլ ինձ համար հետաքրքիր են բոլոր ժամանակաշրջանները, թե՛ անտիկ շրջանին բնորոշ ծալքավորումները, թե՛ այսօրվա մինիմալիստական ձևերը։

-Կնոջ կերպարի մեջ հատկապես ի՞նչն է ձեր ուշադրությունը գրավում։

-Կինը, ինչ ոճի մեջ էլ լինի, ասենք անգամ «սթրիթ սթայլ» կամ «օվերսայզ» ոճով հագնված, ինձ համար կարևոր է նրա կոկիկությունը, ինչպես նաև գույների ճիշտ համադրությունը, ինչքան էլ ուզենաս հետաքրքիր բաներ անել, պետք է կարողանաս ճիշտ կառավարել այդ ամենը․․․ Նաև կարևորում եմ ժամանակին համապատասխանությունը, անգամ երբ մենք վերադարձնում ենք այսպես ասած հինը, չի նշանակում, որ վերադարձնում ենք էն ժամանակվա հագուստը․․․  Մենք պարզապես նոր լուծումներ ենք հաղորդում լավ մոռացված հնին։

-Իսկ կնոջ գեղեցկությո՞ւնը․․․

-Կնոջ գեղեցկությունն ուղիղ համեմատական է կնոջ երջանկությանը, նույն կինը սև փոքրիկ զգեստով կարող է լինել հիասքանչ, երբ երջանիկ է, և անշուք՝ երբ տխուր է։

-Ըստ ձեզ՝ ո՞վ է այն կինը, որը փոխեց աշխարհը։

-Ես այսպես կձևակերպեմ այդ հարցի պատասխանը՝ ուժեղ տղամարդկանց կողքին կանգնած ուժեղ կանայք․ հենց նրանք են փոխում աշխարհը։

Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930