Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես չեմ հիշում, որ Ռուսաստանն ասի՝ ա՛յ եկեք միութենական պետություն արեք, եթե չանեք՝ մենք ձեզ ատոմակայան չենք կառուցի, Նազան տատի հեքիաթներից է». Թ. Մանասերյան

Ապրիլ 11,2021 17:53
Tatul manasaryan

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նոր ատոմակայան կառուցելու մասին ռուսական ԶԼՄ-ներում էլ քննարկման առարկա է դարձել:

Հրապարակումներում նշում են, որ Փաշինյանը ռուսներին «ապուշի տեղ է դրել» եւ հիշեցնում, որ Սուրեն Պապիկյանը Հայաստանի անունից հրաժարվել էր 270 մլն դոլարի ռուսական վարկի մնացորդի օգտագործման ժամկետը երկարաձգել «Ռոսատոմ»  ընկերության հետ:

Դրանով հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները պետք է իրականացվեին՝ չուզեցին: Հիմա Փաշինյանի այս միտքը դիտարկվում է որպես Պուտինին հաճոյանալու քայլ, ոչ ավելին:

Այն, որ Փաշինյանը միտք չունի նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներ սկսել, պարզ է դարձել, երբ մասնագետները կառավարությանը փոխանցել են այդ մասին հստակ վերլուծություն, առաջարկների փաթեթ ու եղել է զրո արձագանք:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ երբ խոսքը Փաշինյանի մասին է, իմաստ չկա մեկնաբանել, տրամաբանությանը չի ենթարկվում. «Ինչ վերաբերում է նրան՝ հնարավո՞ր է նոր ատոմակայան կառուցել, թե ոչ՝ դա ուրիշ բան: Դուք էլ, մենք էլ համոզվել ենք բազմիցս, որ այդ մարդն ի վիճակի չէ ադեկվատ որեւէ բան ասել: Մենք մշակել ենք այդ իրավիճակի ռեալ ելքերը, թե ինչպես կարելի է ծախսատար ատոմակայանի 2-րդ էներգաբլոկն, այնուամենայնիվ, կառուցել, եւ այստեղ պետք է ընդամենը ցանկություն, որպեսզի դա իրականություն դառնա: 2019-ի ապրիլին, երբ վարչապետ կոչվածը եկավ ԵՊՀ, մենք այնտեղ իրեն ուղղակի առձեռն հանձնել ենք այն քայլերը, որոնք մեր կողմից պատրաստ ենք անել, որպեսզի երկրի տնտեսությունը առաջ շարժվեր, այդ թվում՝ 2-րդ էներգաբլոկի հետ կապված քայլերը: Բայց ցանկություն չի եղել: Արձագանք չենք ստացել: Ո՞վ է արձագանք ստանում կառավարությունից, որ ես ստանամ: Կա՞ մի մասնագետ, որ դիմել է կառավարությանը՝ օգնելու իր երկրին, գոնե ինձ  հայտնի փորձագետներից, մասնագետներից այդպիսի արձագանք չեմ լսել, որ կայացած իրավաբան, կայացած դիվանագետ, այլ անձինք, ովքեր դիմել են օգտակար լինելու՝ հասկացել են»:

Ըստ Մանասերյանի, կառավարությունը թիմային աշխատանքը չգիտի ինչ է, ո՛չ լսել ունի, ո՛չ էլ ընդունել: Դիտարկմանը՝ այսինքն, նոր ատոմակայանի հարցը այսպես ասած «օդի մեջ» խոսակցությո՞ւն է՝ Մանասերյանը պատասխանեց. «Անհավասարակշիռ, չկայացած մարդու վարքագիծ է, ուրիշ ի՞նչ կարող եմ ասել: Եթե դուք տրամաբանություն տեսնում եք, ինձ օգնեք հասկանալ»:

Այն կարծիքները, որ նոր ատոմակայանի կառուցումը ՌԴ-ին ձեռնտու չէ, ու Ռուսաստանը չի գնա դրան, եթե Հայաստանը չառաջարկի դրա հետ մեկտեղ նաեւ միութենական պետություն ստեղծել՝ Թաթուլ Մանասերյանը չի կիսում. «Չկա նման բան: Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի հարցը դրված էր շատ վաղուց եւ նման խոսակցություն ընդհանրապես չկար: Իսկ միութենական պետություն կազմելը լրիվ ուրիշ թեմա է: Այդտեղ այն բոլոր վայրահաչությունները, որ կան, թե Հայաստանը դառնում է Ռուսաստանի մարզ, կորցնում է ինքնուրույնությունը, այդպիսի բան չկա: Նայեք Ռուսաստան-Բելառուս պայմանագիրը եւ կտեսնեք, որ սուվերենության հստակ սահմանը դրված է եւ նման  վտանգ չի կարող լինել, անգամ, եթե այդպիսի հարց քննարկվի: Բայց այսօր չեմ տեսնում, որ նման պայման են դրել: Ռուսաստանն ընդամենը հետեւում է, թե Հայաստանում ինչ գործընթացներ են գնում, ինչ առաջարկներ են անում միութենական պետության վերաբերյալ կամ այլ տարբերակներ: Սրանք գալիս են հիմնականում ՀՀ-ից: Ես չեմ հիշում, որ Ռուսաստանն ասի՝ ա՛յ եկեք միութենական պետություն արեք, եթե չանեք՝ մենք ձեզ ատոմակայան չենք կառուցի, Նազան տատի հեքիաթներից է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930