Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանամերձ գյուղի Արամ Մանուկյանի անվան դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց դպրոցի շրջանավարտ, արցախյան երկրորդ հերոսամարտում զոհված Արեն Ավանեսյանի անունով։
Հայրենի գյուղի դպրոցն ավարտելուց հետո Արեն Ավանեսյանը անվճար հիմունքներով ընդունվել էր Խ․Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Առաջին կուրսի ուսանող էր, երբ կամավոր դիմում էր գրել եւ 2019 թվականի հունվարին զորակոչվել բանակ։
Կարդացեք նաև
Արմավիրում 6-ամսյա նախնական զինպատրաստություն անցնելուց հետո Արենը ծառայությունը շարունակել է Արցախում՝ Հադրութի զորամասերից մեկում։ Սերժանտ Ավանեսյանը ջոկատի հրամանատար էր, դիրքի ավագ։ Արժանացել է շքանշանի՝ որպես ջոկի լավագույն հրամանատար։ Սեպտեմբերյան պատերազմի օրերին, ելնելով թշնամու առաջխաղացումից, Հադրութից նրանց տեղափոխվում են Ֆիզուլի, հետո՝ Մարտունի։
Արենը զոհվել է 2020 թ․–ի նոյեմբերի 9-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ծրագրեր շատ ուներ, ավարտելուց հետո գյուղ վերադառնալ էր ուզում՝ դպրոցում աշխատել ու փոխել մարդկանց կյանքը։
Դավիթ Բեկի դպրոցը անվանակոչության օրը մարդաշատ էր։ Այստեղ էին Արեն Ավանեսյանի ծնողները, եղբայրը և քույրիկները, Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ, դավիթբեկցիներ։ Մինչեւ միջոցառումը, դպրոցի մանկավարժները հարազատների հետ կիսվեցին հուշերով։
«Բոլորս ենք հիշում Արենին: Ամեն օր բոլորիս աչքերում նա գալիս է շղարշի պես, յուրահատուկ անկեղծ ժպտում ու անցնում… Կարծես երեկ լիներ… Ու հենց այդ անկեղծությունն էր իր հոգու մաքրությունը, որ ոչ մի վայրկյան նրան հետ չպահեց հայրենիքի համար մարտնչելուց»,–ասում է դպրոցի տնօրեն Վրեժ Բալայանը։
«Արենի շունչն այստեղ է, իր դպրոցում ու այդ շունչը պիտի լցնի դպրոցն ու մեր ռազմագիտության դասասենյակը, նրա օրինակով դեռ պիտի շատ սերունդներ դաստիարակվեն հանուն հայրենիքի, հանուն ապագայի»,– իր խոսքում նշեց տնօրենը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ