Երեւան–Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի Արարատի մարզով անցնող հատվածի աջ ու ձախ կողմերում ձկներ են վաճառում՝ տարբեր տեսակի ու տարբեր չափերի։ Ամեն մեկը փորձում է յուրովի ու կրեատիվ ներկայացնել իր ապրանքը։
Գագիկն ու Արամը եղբայրներ են։ Մեծ ցուցանակի վրա գրառել են ձկների աշխարհ, գունազարդել, ներկայացրել ձկնատեսակները՝ լոքո, կարպ, «բելամոր», «ստեռլեց», իշխան, «տաստոլոպ», սազան։
«Կարեւորը «բասեյնիններն» են, որ ձկները մնան, թե չէ մնացածը՝ հեչ»,–ասում է Գագիկը։ Չի թաքցնում՝ իրենք չեն բռնում, վերավաճառող են։ Գներն էլ տարբեր են՝ ըստ տեսակի 1 կիլոգրամը՝ սկսած 1800 դրամից մինչեւ 2700 դրամ։ «Գործ չկա, սեզոնը չի հիմա, Զատկի օրերին լավ ծախեցինք, օրը մի 9-10 հատ»,–ասում է Գագիկը։
Կարդացեք նաև
«Այդքան քի՞չ»,–հարցնում եմ ես զարմացած։ «Ախպեր ջան քիչս ո՞րն է, օր կա՝ մի հատ էլ չենք ծախում, եթե օրը երկու հատ ծախում ենք ՝ դա որակ է»,–ասում է Գագիկը։
Արամը չի մասնակցում խոսակցությանը՝ իմ գնած ձուկն է կշռում ու մաքրում։ Հարցնում եմ՝ բա ինչո՞ւ չի մաքրում, նոր կշռում, չէ որ փորոտիքը ավելորդ քաշ է։
«Բա էլ ինչ մնա մեզ, որ մաքրենք, նոր կշռենք։ Հազիվ մի 500-600 դրամ ենք բռնում կիլոյի մեջ»,–ասում է Արամը՝ ավելացնելով, որ հարկեր են վճարում։
«Հարկայինին մուծում ենք, սանէպիդկայանին մուծում ենք, բնության տեսչությանը մուծում ենք։ Էդ էլ որ հանում ենք, տակը բան չի մնում։ Տուն ենք պահում»,–ասում է Արամը։
Ամեն դեպքում, չեն դժգոհում ապրուստից։
Եղբայրների այդ օրվա առաջին գնորդն էի։ Ասացին, որ հաջորդ անգամ անցնելուց անպայման հանդիպեմ նրանց։ «Եթե էսօր առեւտուրը լավ լինի, մրցանակ ունես՝ կտանք»,–ասացին արարատցի եղբայրները։ Կատակով՝ իմ այն դիտարկմանը, թե ես ի՞նչ իմանամ, գո՞ւցե լավ առեւտուր լինի, բայց դուք չասեք՝ նկատեցին․
«Ճիշտ է ՝ձկնորս չենք, ձկնավաճառներ ենք, բայց խաբեբա վաճառական չենք, էդ էլ ա արհեստ»,–ասացին նրանք՝ չցանականալով լուսանկարվել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ