Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը վերադարձրել է Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանի հայցադիմումը՝ ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի:
Որպես պատճառ մատնանշվել են հայցադիմումում առկա թերությունները։
Մեզ չհաջողվեց այդպես էլ կապ հաստատել դատավոր Կուրեխյանի և Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, իսկ Չոբանյանի փաստաբան Գագիկ Մելիքբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի տիրապետում գործի ընթացքին, քանի որ Չոբանյանն անձամբ ինքն է հայցը ներկայացրել։
Նշենք, որ Տավուշի նախկին մարզպետը հայց էր ներկայացրել դատարան ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ՝ պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար որպես հատուցում հրապարակային ներողություն խնդրել և պատճառված վնասի համար վճարել 1 դրամ։
Կարդացեք նաև
Մարզպետը նման քայլի էր գնացել, այն բանից հետո, երբ մարտի 7-ին Հրանտ Բագրատյանը տեղեկություն էր տարածել, որ Տավուշի սահմանամերձ Ազատամուտ համայնքի հատվածներում ադրբեջանցի զինվորները չափագրումներ են կատարում և շուտով այդ տարածքները հանձնելու են Ադրբեջանին։
Մարզպետը ավելի վաղ նաև տեղեկացրել էր, որ նման անպատասխանատու հայտարարությունների պատճառով Տավուշում մի քանի միլիոն դոլարի ներդրում է կանգնեցվել։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ