Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան համայնքում 15 տարեկան 3 մանկության ընկերներ նախաձեռնել են «Պրոտոլաբ» տեխնոինժեներական լաբորատորիան։
Մեզ հետ զրույցում հիմնադիրներից Արգամ Ամիրաղյանը նշեց, որ լաբորատորիա հիմնելու գաղափարն առաջացել է դեռ երկու տարի առաջ, սակայն պատերազմը ստիպել է ավելի ակտիվ զբաղվել դրանով.
«Սկզբում անընդհատ մտորումների մեջ էինք, թե ինչպես կարող ենք գումար վաստակել և լինել ֆինանսապես անկախ։ Երկու տարի առաջ ծնվեց գաղափարը լաբորատորիան հիմնելու, սակայն գաղափարն իրագործելու հարցում ավելի ակտիվ սկսեցինք աշխատել պատերազմից հետո։ Քանի որ պատերազմը մեզ ցույց տվեց, որ ամեն վայրկյանը կարևոր է ու չպետք է սպասենք մի բանի, այլ մենք պետք է գործենք ու նոր բան ստեղծենք»։
Արգամի փոխանցմամբ՝ հիմնական նպատակներից մեկը սահմանամերձ Նոյեմբերյանի երիտասարդներին ցույց տալն է, որ տեխնոլոգիայի միջոցով գումար վաստակելը հնարավոր է նաև իրենց գյուղում։
Կարդացեք նաև
Արգամի խոսքով՝ այս պահին ինքն ու իր երկու ընկերներն էլ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներ են և հիմնական գիտելիքները ստացել են հենց այնտեղից.
«Մենք ցանկանում ենք այս նախաձեռնությամբ մեր համայնքի գյուղական ներուժն ապահովել այստեղ և հնարավորություն տալ ապրելու և աշխատելու իրենց գյուղում, այլ ոչ թե գնալ մայրաքաղաք։ Մենք նպատակ ունենք երիտասարդության ներուժը պահել գյուղում, որովհետև Նոյեմբերյանում բազմաթիվ խելացի երեխաներ կան, և նրանք կարող ենք առանց գյուղը լքելու այստեղ գումար վաստակել»։
Գաղափարն իրենից ներկայացնելու է տեխնոինժեներական լաբորատորիա, որը հագեցած է լինելու նորագույն սարքավորումերով.
«Զբաղվելու ենք այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծմամբ՝ արևային էներգիայով աշխատող մարտկոցներ, քամու էներգիայով աշխատող գեներատորներ։ Սկզբնական շրջանում նախատեսում ենք «ֆրիլանս» ֆորմատով աշխատել, իսկ կայունանալուց հետո նպատակ ունենք մշակել այնպիսի գաղափարներ, որոնք մարդկանց կյանքն ավելի լավը կդարձնեն»։
Ներկա պահին երիտասարդները փորձում են իրենց գաղափարն իրագործել՝ անհրաժեշտ գումարի հավաքագրմամբ. «Այս պահին մոտ 3500$ գումար ենք կարողացել հավաքել»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ