Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրենի թեկնածուները կանայք են

Ապրիլ 10,2021 15:50

Ապրիլի 13-ին կայանալիք «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ–ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի համար դիմել է երկու թեկնածու։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից։ Թանգարանի տնօրենի պաշտոնը թափուր է մնացել, քանի որ  նախկին տնօրեն Գրիշա Սմբատյանն անցել է վաստակած հանգստի։

Երկու թեկնածուներն էլ կին են․ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի գործավար Մելինե Մարտիրոսյանը, որը նաեւ հանրային կապերի մասնագետի գործառույթն է իրականացնում, եւ Քրիստինե Պետրոսյանը, որը  Կապանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող է։

Aravot.am-ը երկու թեկնածուներից փորձեց պարզել, թե ի՞նչ  ծրագրեր ունեն,  ինչպե՞ս են պատկերացնում երկրագիտական թանգարանի ապագան եւ ի՞նչ փոփոխություններ են նախատեսել։ Մելինե Մարտիրոսյանը հրաժարվեց ներկայացնել իր տեսլականը։ «Եթե ես նշանակվեմ տնօրենի պաշտոնում, ապա  Ձեզ հետ կկիսվեմ իմ ծրագրերով, անելիքներով։ Շնորհակալություն»,–ասաց նա։

Քրիստինե Պետրոսյան

Քրիստինե Պետրոսյանը 15 տարի է, ինչ  թանգարանի գիտաշխատող է։ Թանգարանի զարգացման բազմաթիվ ծրագրեր,  իր իսկ խոսքով՝ գուցե «մի քիչ ամբիցիոզ գաղափարներ» ունի։ Ամենակարեւորը՝  թանգարանը պիտի շնչող օրգանիզմ դառնա։

«Ուսումնասիրում եմ միջազգային եւ տեղական փորձը` թանգարանը դինամիկ զարգացող կառույց դարձնելու համար։ Կարեւորում եմ, որ տեխնոլոգիաների զարգացման մեր օրերում պետք է արագ արձագանքել ոլորտի միջազգային նորարարություններին։ Մտածում եմ մշակել, hամացանցում տեղադրել Կապանի երկրագիտական թանգարանի առցանց տարբերակը, որպեսզի աշխարհի ցանկացած ծայրից բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են թանգարանով՝ հնարավորություն ունենան մտնելու եւ ծանոթանալու թանգարանի ցուցանմուշներին, թանգարանային ցուցադրություններին, առցանց մասնակցել ցուցահանդեսներին, կազմակերպվող  քննարկումներին»,–ասաց տնօրենի թեկնածուն։

Թանգարանի բյուջեն շատացնելու, տարիքային տարբեր խմբերին, անգամ կենսաթոշակառուներին թանգարան բերելու համար մեկնարկային հայեցակարգ ունի։ Կարեւորում է նաեւ հատուկ կարիքներ ունեցող այցելուների հետ տարվող աշխատանքները։ «Մտածում եմ՝ ունենալ աուդիոգիդ (ձայնային էքսկուրսիա), որը տեսողության խնդիր ունեցող այցելուին հնարավորություն է ընձեռում ինքնուրույն շրջել թանգարանում՝ ունկնդրելով էքսկուրսիոն տեքստը»,–ասում է Քրիստինե Պետրոսյանը։

Այն դիտարկմանը, թե աշխատելով թանգարանում, ինչու որեւէ մի մտահղացում կյանքի չկոչեց՝ Քրիստինե Պետրոսյանը չցանկացավ բացել փակագծերը։ «Ավել բան չասեմ, ուղղակի պիտի մարդուն հնարավորություն տրվեր, որպեսզի կարողանար մտահղացումները իրականություն դարձնել»,–ասաց տնօրենի թեկնածուն։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930