«Ես Թուրքիային եւ Ադրբեջանին համարում եմ թշնամի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սարգիս Կարոլինա» ընկերության գործադիր տնօրեն Երվանդ Թարվերդյանը:
Երվանդ Թարվերդյանը որոշել է մտնել քաղաքականություն. այսօր կայացավ նրա հիմնադրած «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: «Միացյալ Հայաստանը» քաղաքական դաշտում դիրքավորվելու է իբրեւ ազգային գաղափարախոսություն դավանող ուժ:
Նորաստեղծ կուսակցությունում ՌԴ-ին համարում են Հայաստանի ռազմավարական գործընկերը, բարձր են գնահատում եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունները, չեն մոռանում Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Արաբական աշխարհի հետ Հայաստանի շատ լավ հարաբերությունների մասին. «Մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տանք, եւ հարաբերվենք մեկ պետության հետ»:
Եթե լինեն արտահերթ ընտրություններ՝ «Միացյալ Հայաստանը» մասնակցելու է առանձին:
Կարդացեք նաև
Երվանդ Թարվերդյանն ասաց, որ կուսակցություն հիմնելու որոշումը արտահերթ ընտրություններով պայմանավորված չէ: Այն կայացրել է 44-օրյա պատերազմից հետո: Պատերազմի ավարտից հետո մի քանի ամիս ուսումնասիրել է երկրի քաղաքական եւ «ճղճիմ տնտեսական» իրավիճակը, անկումը, որ ներկայացվում է տնտեսության վերականգնում եւ որոշել է համախմբել իր շրջապատի պրոֆեսիոնալներին, կայացած մարդկանց ու ներդնել ուժերը՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:
«Որոշել ենք չլինել կարծիք արտահայտողի կամ դիտորդի կարգավիճակում, պատրաստ ենք վերցնել պատասխանատվությունը եւ մեր կայացած փորձը ներդնել երկրի համար. մենք գիտենք՝ ինչպե՞ս կայացնել համակարգը, ոտքի հանել տնտեսությունը, գնահատել պրոֆեսիոնալներին»,- ասաց Երվանդ Թարվերդյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ