Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը Հայաստանի ծանրորդները սկսեցին մրցահարթակում իսկական հայկական համերգ կազմակերպելով:
Տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարում Սամվել Գասպարյանը երեք անգամ բարձրացավ պատվո պատվանդան: Երկամարտի 390 կիլոգրամով մեր մարզիկը նվաճեց Հին Աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը: Նա հավասարը չունեցավ նաեւ հրում վարժությունում՝ 214 կգ, իսկ պոկումում արժանացել էր արծաթե մեդալի՝ 176 կգ:
Մինչեւ վերջ պայքարողի կամային մեծ որակներ ցույց տվեց այս քաշային կարգի մեր երկրորդ մասնակիցը՝ Արսեն Մարտիրոսյանը: Առաջին վարժությունից հետո Արսենը, իսկ նա Սիմոն Մարտիրոսյանի կրտսեր եղբայրն է, 171 կգ-ով չորրորդն էր, սակայն հրումում նա 209 կգ-ով դարձավ փոքր բրոնզե մեդալակիր, իսկ երկամարտում ցույց տալով 380 կգ՝ արժանիորեն նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ