Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն շարունակում են հավատարմորեն օգնել Հայաստանին՝ ուժեղացնելով նրա ժողովրդավարական կառույցները․ ԱՄՆ դեսպանի պատասխանը Ազգային-ժողովրդավարական բևեռի նամակին

Ապրիլ 10,2021 12:12

Սույն թվականի մարտի 17-ին Ազգային-ժողովրդավարական բևեռն ի դեմս հայ ժողովրդի աջակցության և ռազմավարական դաշինք կնքելու վերաբերյալ նամակ-դիմում էր հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությանը՝ նաև երախտագիտություն հայտնելով մեկ դար առաջ Հայաստանին և հայությանը պատուհասած աղետալի շրջանում ցուցաբերած աջակցության համար։

Նամակ-դիմումին կցված էր Ազգային-ժողովրդավարական բևեռի պաշտոնական հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից» (Major non NATO ally) կարգավիճակ ձեռք բերելու կենսական անհրաժեշտության վերաբերյալ։

Սույն թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Լին Թրեյսիից ստացվել է նրա երկրի կառավարության տեսակետներն արտահայտող պատասխան նամակ։

Նամակում, որը հասցեագրված է Ազգային-ժողովրդավարական բևեռի անունից դիմումը ստորագրած Բևեռի խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանին, ասվում է. «Շատ շնորհակալ եմ Ձեր նամակի համար, որը հասցեագրված է ԱՄՆ կառավարությանը, որտեղ հիշատակել եք ԱՄՆ օգնությունը Հայաստանին 1915 թ․ ողբերգությունից հետո։

Միացյալ Նահանգները շարունակում են հավատարմորեն օգնել Հայաստանին՝ ուժեղացնելով նրա ժողովրդավարական կառույցները, նրա կապերն Արևմտյան կառույցների հետ և նրա ներգրավվածությունը տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսության մեջ՝ միաժամանակ օգնելով ամրապնդելու նրա ինքնիշխանությունը։ Մենք շարունակելու ենք աշխատել Ձեր կառավարության և հայ ժողովրդի հետ՝ կառուցելով մեր համագործակցությունը և ամրապնդելով մեր կապերը»։

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի նամակը պարունակում է աշխարհի գերտերության քաղաքականությունն արտացոլող կարևոր դրական ուղերձներ։

Դրանցից հատկանշական են հետևյալները.

1) ԱՄՆ-ն աջակցելու է ժողովրդավարացման և Արևմուտքի հետ գործակցությամբ տարածաշրջանին և աշխարհին ինտեգրվելու միջոցով Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելուն,

2) ԱՄՆ-ն այդ նպատակների իրագործման համար աշխատելու է ոչ միայն կառավարության, այլև անմիջականորեն հայ ժողովրդի (ի դեմս ազգային շահերը ներկայացնող քաղաքական շրջանակների) հետ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների այս ուղերձները վկայում են Հայաստանը ռուս-թուրքական մահացու փակուղուց դուրս՝ որպես քաղաքակիրթ աշխարհի մաս ու տարածաշրջանում դերակատար տեսնելու և մեր երկրի անվտանգությունն ու զարգացումը երաշխավորող աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ նրա պատրաստակամության մասին։

Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղերձները նաև փաստում են, որ նա Հայաստանը ռուս-թուրքական սայլին կցող կառավարությունից զատ ճանաչում և ընդունում է ինքնիշխան հայ ժողովրդի կամքն ու ընտրությունը՝ հանուն ազատ և արժանապատիվ ապագայի։

Շնորհակալություն ենք հայտնում մեր ապագա ռազմավարական դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներին։

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930