Գեներալ Մուրադովի հայտարարությունը, որ ռազմագերիներով ոչ մի ինքնաթիռ էլ երեկ չպետք է վայրէջք կատարեր Երեւանում, եւ որ իշխանությունները մոլորեցնում են բնակչությանը, երկրաշարժի ազդեցություն ունեցավ։ Երեկ մենք զրուցեցինք ռուսաստանցի քաղաքական գործիչ, ՌԴ Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ։
Նա տեղյակ չէ, թե ինչ պայմանավորվածություններ կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում, բայց հակված է հավատալու Մուրադովին։ «Ես չգիտեմ նաեւ, թե նա ինչու է նման հայտարարություն արել։ Երեւի, որովհետեւ ասվել էր, որ ինքնաթիռով վերադառնում են գերիներ, իսկ իրականում, ինչպես ասել է Մուրադովը, եթե Դուք ճիշտ եք մեջբերում, նման վերադարձ չէր ենթադրվում։ Կամ էլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- ասաց Զատուլինը։
Հարց ուղղեցինք․ այնուամենայնիվ, ՌԴ-ն նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավորն է, մինչդեռ դրա 8-րդ կետը չի կատարվում, ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ գերիները վերադարձվել են, իսկ Բաքվում մնացած հայերն ահաբեկիչներ են։ Հետեւաբար, արդյո՞ք Ռուսաստանը մատների արանքով չի նայում մեզ համար անչափ ցավոտ այդ խնդրին։ «Ինչո՞ւ մատների արանքով։ Ձեզ հայտնի է, որ ՌԴ-ն կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակմանը։ Ես արդեն ասացի, որ տեղյակ չեմ գերիների վերադարձի հետ կապված բանակցություններից, բայց խաղաղապահ բրիգադի ղեկավարին, որը նախկին ռազմական գործողությունների գոտում կարգուկանոն է հաստատում, մեղադրել այնքան էլ արդար չէ։
Այս հարցը պետք է ավելի բարձր մակարդակով լուծվի։ Իսկ այն, որ դեռ լուծված չէ, սա, դե տեսնում եք, առկա լարված հարաբերությունների հետեւանք է, Ադրբեջանի եւ Հայաստանի մեջ եղած ու պահպանվող հարաբերությունների։ Ռուսաստանը, որքանով ես եմ հասկանում, փորձում է այդ հարցը լուծել, բայց եթե կարծում եք, որ դա այդքան հեշտ լուծվող հարց է, այդ պարագայում աշխարհի բոլոր գերիները կվերադառնային իրենց տները։ Իսկ մենք գիտենք, որ դա երբեմն շատ երկար է տեւում։ Եվ որտեղի՞ց տպավորություն, որ ՌԴ-ն խուսափում է «կատարել»։
Կարդացեք նաև
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում